Տաջիկստանի նախագահը կոչ է արել ՇՀԿ երկրներին համագործակցել ահաբեկչության դեմ պայքարում


23:02 , 1 սեպտեմբեր, 2025

Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) երկրները պետք է համագործակցեն ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Տաջիկստանի նախագահի պաշտոնական կայքը, այդ մասին երկրի ղեկավար Էմոմալի Ռահմոնը հայտարարել է Չինաստանի Տյանցզին քաղաքում ընթացող ՇՀԿ գագաթնաժողովում։

«Գագաթնաժողովի ընթացքում վերլուծելով տարածաշրջանային անվտանգության ոլորտում ստեղծված իրավիճակը՝ մենք ճանաչեցինք ՇՀԿ անդամ պետությունների միջև համագործակցության անհրաժեշտությունը ահաբեկչության, դրա բոլոր դրսևորումների՝ ծայրահեղականության, կիբեռսպառնալիքների, թմրանյութերի ապօրինի շրջանառության և միջազգային հանցավոր գործունեության այլ տեսակների դեմ համատեղ պայքարում», - ասված է Տաջիկստանի նախագահի մամուլի ծառայության կողմից տարածված հաղորդագրության մեջ։

Տաջիկստանի նախագահն ընդգծել է, որ ՇՀԿ-ի շրջանակում թմրամիջոցների դեմ պայքարի կենտրոնի և կազմակերպության անդամ պետությունների անվտանգությանը սպառնացող ռիսկերի ու սպառնալիքների դեմ պայքարի համընդհանուր կենտրոնի ստեղծման վերաբերյալ ստորագրված համաձայնագրերը նոր հեռանկարներ են բացում պետությունների միջև այդ ոլորտներում համագործակցության համար։

Ռահմոնը վերահաստատել է Տաջիկստանի անսասան դիրքորոշումը Մերձավոր Արևելքում և պատերազմից տուժած այլ տարածաշրջանների երկրներում ստեղծված դժվարին իրավիճակը կարգավորելու հարցում: 

Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը տեղի է ունենում Տյանցզինում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը, որին մասնակցում են ավելի քան 20 առաջնորդներ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: