Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում վարորդական վկայական ստանալու որակավորման քննությունների հետ կապված մի շարք փոփոխություններ


13:40 , 31 օգոստոս, 2025

Սեպտեմբերի 1-ից վարորդական քննությունների վերահանձնման գործընթացում փոփոխություններ են նախատեսվում։ Քաղաքացիները հնարավորություն կունենան վարորդական վկայական ստանալու քննությունը առաջին անգամ բացասական ստանալուց հետո վերահանձնել հաջորդ օրը՝ հավելյալ վճարի դիմաց, օնլայն գրանցմամբ։

Հայտնում են ՆԳՆ-ից։

Մինչ փոփոխությունը՝ քննություններից բացասական գնահատական ստանալու դեպքում քաղաքացին կարող էր նորից հերթագրվել 1 շաբաթ անց։ Հաշվի առնելով քաղաքացիների դիմումները և առաջարկությունները՝ նախատեսվում է ներդնել արագացված ծառայություններ։

Առաջին անգամ բացասական ստանալու դեպքում անձը կարող է արտահերթ մասնակցել քննությանը՝

հաջորդ օրը՝ 45․000 ՀՀ դրամ վճարի դիմաց,

երրորդ օրը՝ 30․000 ՀՀ դրամ վճարի դիմաց:

Եթե անձը բացասական է ստանում երկրորդ կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ՝ նախկին 30-օրյա ժամկետի փոխարեն արագացված ծառայությունների միջոցով հնարավորություն ունի օգտվել հետևյալ նոր ժամկետներում՝

յոթերորդ օրը՝ 45․000 ՀՀ դրամ վճարի դիմաց,

տասնչորսերորդ օրը՝ 30․000 ՀՀ դրամ վճարի դիմաց:

Նշենք նաև, որ մեկ այլ կարգավորմամբ՝ կրկին սեպտեմբերի 1-ից տրանսպորտային միջոցի պետական գրանցումն ու հաշվառումն իրականացնելիս հնարավոր կլինի հաշվառման վկայագիրը ստանալ փոստային առաքման եղանակով։