Կապանում հայտնաբերվել է տղամարդու մարմին, կասկածյալը դեպքից հետո հատել է ՀՀ սահմանը


23:21 , 29 օգոստոս, 2025
Երեկ՝ օգոստոսի 28-ին, սպանություն է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Սյունիքի մարզային  քրեական վարչությունում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կապանի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ  Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի շենքերից մեկում տղամարդու դի կա։
Տեղում պազվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Նշված փողոցի 6-րդ շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է նույն տան բնակիչ 49-ամյա Ռոման Ա․-ի դին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա հայտնաբերվել են բռնության հետքեր, այդ թվում հարվածներ գլխի հատվածում։
Դեպքի փաստով սպանություն հատկանիշներով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գագիկ Շամշյանի տեղեկություններով Սյունիքի մարզի քրեական ու համայնքային  ոստիկանները և ՊԾ գումարտակի պարեկները, ապա նրանց միացած քննիչները հսկայածավալ օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում պարզել են ենթադրյալ սպանություն կատարողի ինքնությունը, ով սպանությունից կարճ ժամանակ անց Մեղրիի անցակետով հատել է Հայաստանի սահմանը, գնացել է Իրան  ու այսօր՝ օգոստոսի 29-ին, Իրանից Հայաստան վերադառնալիս ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների կողմից ձերբակալվել և ներկայացվել է Սյունիքի մարզային քննչական վարչություն։

Նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ այս պահին չենք հայտնում։

Պարզվում է նաև արդյոք սպանություն կատարելուց առաջ կամ հետո կասկածյալը իր զոհի տանից գողություն կատարել է, թե ոչ։