11:35 , 2 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները պատրաստվում են հաջորդ տարի լքել Աֆղանստանը և իրենց հետևում թողնել մահաբեր ժառանգություն: Վերջին 12 տարիներին երկրում թմրաբիզնեսը բարգավաճել է: Թմրանյութերն Աֆղանստանում արտադրվում են ներքին սպառման և արտահանման համար:
Պատերազմի սկսվելուց ի վեր՝ 2001 թվականից, Աֆղանստանում թմրանյութերի արտադրությունն աճել է 40 անգամ: Նախկինում, որքան էլ «Թալիբան» շարժումը դաժան էր, սակայն արգելում էր կրոնական նկատառումներով կակաչ աճեցնել: Այս մասին հայտնում է Russia Today-ը:
Այժմ երկրում մոտ 300 հազար երեխա թմրանյութ է օգտագործում: Թմրանյութի համար գումար չունենալը շատերին ստիպում է վաճառել երեխաներին կամ դրդել նրանց զբաղվելու մուրացկանությամբ:
Աֆղանստանում է արտադրվում աշխարհում ափիոնի ողջ ծավալի մոտ 90 տոկոսը: Երկրից տարեկան արտահանվում է 820 տոննա հերոին, որի հիմնական մասը հայտնվում է Ռուսաստանում և Եվրոպայում:
Թմրանյութի վաճառքից ստացված գումարն ուղղվում է ողջ աշխարհում կազմակերպվող հանցավորության ֆինանսավորմանը:
Աֆղանստանում ափիոնի արտադրությունը տարեցտարի աճում է: Անցած տարի այնտեղ աճեցվել է ավելի շատ կակաչ, քան նախորդ տարի: