Եթե վստահ ենք, որ տեխնիկական խնդիր այլևս չունենք, պետք է համապատասխան վարչարարություն կիրառենք. Ավինյանը՝ հանրային տրանսպորտում ստուգումների մասին


10:28 , 18 օգոստոս, 2025

Երևանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն անդրադարձել է տրանսպորտում հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից իրականացված ստուգումներին։ Նրա խոսքով, վերջին երկու շաբաթվա ընթացքում ստուգումներ են արվել ավտոբուսներում։

«Քանի որ սկզբնական շրջանում որոշակի ծրագրային թերություններ են ի հայտ եկել, տուգանքներ ու տույժեր չեն գրվել։ Բայց ինձ զեկուցել են, որ առնվազն 1 տուգանք դուրս է գրվել»,- նշել է նա՝ հավելելով, որ մինչ այդ ի հայտ եկած խնդիրները լուծվել են, և ոչ մի խոչընդոտ չկա։

«Եթե վստահ ենք, որ տեխնիկական խնդիր այլևս չունենք, պետք է համապատասխան վարչարարություն կիրառենք»,-պատասխանել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։