10:18 , 12 օգոստոս, 2025Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին եվրոպացի դաշնակիցներին հայտարարել է, որ բաց է ռազմական գործողությունների դադարեցման և արդեն Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքների հանձնման համար, հաղորդում է The Daily Telegraph-ը։
Միևնույն ժամանակ Զելենսկին բանակցություններ է վարել եվրոպացի առաջնորդների հետ՝ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների Ալյասկայում նախատեսված հանդիպումից առաջ և ընդգծել է, որ Ուկրաինան չի ընդունի Թրամփի որևէ առաջարկ, եթե այն կապված լինի որևէ այլ տարածքների նկատմամբ վերահսկողությունից հրաժարվելու հետ։
Համաձայն The Daily Telegraph-ի՝ նման դիրքորոշումը նշանակում է, որ Ուկրաինան համաձայն է ռազմաճակատի գծի սառեցմանը։ Ընդ որում, պարբերականի աղբյուրների համաձայն, Զելենսկին ակնկալում է հուսալի երաշխիքներ՝ սպառազինության մատակարարումների և ՆԱՏՕ-ին անդամակցության ճանապարհի տեսքով։
ԱՄՆ և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի ու Վլադիմիր Պուտինի հանդիպումը պետք է տեղի ունենա Ալյասկայում՝ օգոստոսի 15-ին։ Ըստ WSJ-ի տվյալների՝ Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ կհամաձայնի կրակի դադարեցմանը՝ փոխարենը ստանալով Դոնեցկի մարզի մեկ երրորդը, որը մնում է Կիևի վերահսկողության տակ։ Զելենսկին ասել է, որ Ուկրաինան մտադիր չէ Ռուսաստանին «նվիրել իր հողը»։ Եվրոպացի պաշտոնյաներն, իրենց հերթին, WSJ-ին հայտնել են, որ եթե Ուկրաինան Ռուսաստանին հանձնի Դոնեցկի ամբողջ մարզը, ապա ռուսական կողմը պետք է դուրս բերի զորքերը Զապորոժիեի և Խերսոնի մարզերի օկուպացված հատվածներից։