19:16 , 8 օգոստոս, 2025
Մենք հիմա ապրում ենք «զանգվածային փսիխոզի»* (массовый психоз) մեջ։ Թանձր մառախուղի պես այն պատել է մեր աչքերն ու մտքերը։ Վախի սառը շունչը նստած է ամեն տան մեջ, անորոշությունը հոսում է ամեն զրույցում, իսկ քարոզչության ձայնը անընդհատ թակում է մեր գիտակցության դռները։
Եվ երբ երկար ապրում ես այդ մթնշաղի մեջ, սկսում ես չտեսնել, թե ով է մոտենում․ փրկի՞չ, թե՞ կողոպտիչ։ Ամեն մեկնված ձեռքը թվում է հույս, անգամ եթե նա գալիս է վերցնելու քո տունը։
Այսօր, երբ ԱՄՆ-ում փորձում են ստորագրել այսպես կոչված «խաղաղության թուղթ», մեզ համոզում են, որ սա մեր միակ ճանապարհն է։
Խաղաղությունը, որ կառուցված է վախի վրա մի օր անխուսափելիորեն կփլվի՝ իր հետ տանելով մեզ։
Առաջիկա տարիներն ամենայն հավանականությամբ, կանցնեն այսպես․
Կարճատև ուրախություն – պատրանքի տակ՝ «վերջապես հանգիստ ենք»։
Հիասթափություն – երբ «բացվի» իրական գինը։
Ճեղքված հասարակություն – հարմարվողների և դիմադրողների հակադրություն։
Ցավոտ սթափություն – երբ ետդարձի ուղիներ այլևս չեն լինի։
Խաղաղությունը չեն բերում սկուտեղի վրա։ Այն կերտվում է սթափությամբ ու համարձակությամբ, աշխատանքով ու պետության ու պետականության պահպանման անդրդվելիությամբ։ Իսկ երբ այդ պահը կորցնում ես, մնում է միայն ընդունել գինը և ապրել դրա հետևանքների հետ։