19:22 , 1 հոկտեմբեր, 2013
Galatv.am-ը գրում է.
Ի պաշտպանություն ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի՝ նրա ազատամարտիկ ընկերները որոշել են ակցիաների շարք անցկացնել, որոնցից առաջինը լինելու է այն, որ նրանք իրենց արյունով վաստակած շքանշաններն ու կառավարական պարգևները հետ կհանձնեն ամենայն հավանականությամբ Սերժ Սարգսյանին: Այդ մասինԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է ազատամարտիկ Արտեմ Պողոսյանը:
«Այդ պարգևները արժեզրկվել են, ինչու, որովհետև ազատամարտիկների սոցիալական հարցերին չտրվեց լուծում, միայն օդի մեջ խոստումներ. փաստորեն հասկացնել տվեցին մեզ, որ խաբում են ու խաբելու են ու չեն անելու էդ բանը, դրան զուգահեռ փորձում են մրոտել մեր մարտական ընկերոջ կերպարը: Անընդունելի ենք համարում Վոլոդյայի նման ազնիվ մարդուն սևացնելը: Նույնիսկ էդ ամնիստիա հայտարարելու պայմաններում մենք դեմ ենք, որ իրեն դրանով ազատ արձակեն, մենք պահանջում ենք, որ նրան արդարացված ազատեն: Դրա համար մենք որոշել ենք, ազատամարտիկների խորհուրդը որոշել է բազմաթիվ ակցիաներ անել: Առաջինը լինելու է այն, որ այս արժեզրկված մեդալները,
որ մենք արյամբ ենք վաստակել, հանձնելու ենք հետ, հավանաբար հանրապետության նախագահին, քանի որ նախագահը չի տիրապետում այս վիճակին, չի միջամտում կառավարության գործունեությանը, չի միջամտում դատախազության գործունեությանը, որ անօրեն քայլեր չկատարեն: Մենք մեր բողոքի բոլոր ձևերը փորձելու ենք: Այդ մեդալները, որոնք որ արժեզրկվել են, նաև նրա համար, որ բազմաթիվ կուսակցականների են բաժանվում մարտական մեդալներ, նույնիսկ այն մարդկանց, ովքեր չեն ծառայել հայոց բանակում, ուստի մեր պահանջները չբավարարելու դեպքում մենք դիմելու ենք այդ ակցիաներին»,- ասել է Արտեմ Պողոսյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ