19:16 , 6 օգոստոս, 2025Tert.am-ը գրում է․
ԱՄՆ Կոնգրեսն ամենայն լրջությամբ է վերաբերվում Ջեֆրի Էպշտեյնի սկանդալային գործին, գրում է Bild-ը՝ մանրամասնելով, որ ԱՄՆ Արդարադատության նախարարությունը Կոնգրեսին կտրամադրի մանկապղծության, կավատության, մարդկանց թրաֆիքինգի համար մեղադրվող և բանտում ինքնասպան եղած Էպշտեյնի գործի վերաբերյալ բոլոր քննչական նյութերը: Բացի այդ, ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը և նրա կինը՝ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, պետք է ցուցմունք տան հոկտեմբերին Ներկայացուցիչների պալատի վերահսկողության հանձնաժողովի (Oversight Committee) առջև կայանալիք լսումների ժամանակ:
Վերահսկողության հանձնաժողովն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ամենակարևոր վերահսկողական մարմինն է: Այն վերահսկում է դաշնային գործակալությունների գործունեությունը, հայտնաբերում խախտումները և ունի վկաներ կանչելու լիազորություն:
Քլինթոնի խոսնակը 2019 թվականին հայտարարել էր, որ նախկին նախագահը վաղուց խզել է կապը Էպշտեյնի հետ և ոչինչ չգիտեր նրա հանցագործությունների մասին։
Սակայն, ինչպես և ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը, Բիլ Քլինթոնը 2003 թվականին նույնպես շնորհավորել է Էպշտեյնին 50-ամյակի կապակցությամբ, հաղորդում է Wall Street Journal-ը։
Կան նաև ապացույցներ, որ 2002-2003 թվականներին Քլինթոնը չորս անգամ թռել է Էպշտեյնի մասնավոր ինքնաթիռով և ճնշում է գործադրել Vanity Fair ամսագրի վրա՝ Էպշտեյնի հանցագործությունների մասին հոդված չհրապարակելու համար։
Հետաքննության շրջանակում Կոնգրեսը կկանչի նաև այլ բարձրաստիճան նախկին պաշտոնյաների՝ ՀԴԲ նախկին տնօրեններ Ջեյմս Քոմիին և Ռոբերտ Մյուլլերին, ինչպես նաև վեց նախկին գլխավոր դատախազների։
Ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնը մեղավոր է ճանաչվել մարմնավաճառության կազմակերպման , ինչպես նաև դատապարտվել է անչափահասի բռնաբարության համար։ Միլիարդատերը ձերբակալվել է ԱՄՆ-ում 2019 թվականի ամռանը, նրան մեղադրել են աղջիկների, այդ թվում՝ 14-ամյա երեխաների թրաֆիքինգի և նրանց մարմնավաճառության դրդելու համար։ Էփշտեյնին սպառնում էր մինչև 40 տարվա ազատազրկում։ Սակայն 2019 թվականին ֆինանսիստին մահացած են գտել բանտախցում։ Ամերիկացիների շրջանում տարածված համոզմունք կա, որ նա քաղաքական գործիչներին, գործարարներին, շոու բիզնեսի ներկայացուցիչներին զվարճանալու համար մատակարարել է աղջիկներ, այդ թվում՝ անչափահաս։