Առանց զղջման. Հայաստանում ազատ է արձակվում 19-ամյա երիտասարդի դաժան սպանությունը կազմակերպած անձը


14:44 , 4 օգոստոս, 2025

Հայաստանում ազատ կարձակեն 19-ամյա Իոսիֆ Աղաջանովի դաժան սպանության կազմակերպչին։ Մհեր Ենոքյանի ազատ արձակման առաջին քայլն արված է. հունիսի 18-ին, դատավոր Գնել Գասպարյանի ղեկավարությամբ, առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով քրեակատարողական հիմնարկից ստացված դրական բնութագիրը՝ որոշել է, որ Ենոքյանը բավականաչափ «ուղղվել է» հասարակություն վերադառնալու համար։

NEWS.am-ը բազմիցս անդրադարձել է այս թեմային մահացած երիտասարդի հոր և քրոջ հետ ունեցած զրույցներում։

Վերջին իրադարձությունների վերաբերյալ մեկնաբանության համար մենք կրկին դիմել ենք Ելենա Աղաջանովային։

«Հուլիսի 10-ին մենք ստացել ենք դատարանի գրավոր որոշումը և բողոքարկել ենք այն։ Նախկինում Ենոքյանը բազմիցս դիմել է պայմանական վաղաժամ ազատման համար, և այժմ օրենքը թույլ է տալիս դա անել յուրաքանչյուր վեց ամիսը մեկ, ոչ թե երեք տարին մեկ, ինչպես նախկինում։ Ամեն անգամ դատարանը որոշում էր կայացնում, որ բավարար հիմքեր չկան դիմումը բավարարելու համար։ Սակայն այս անգամ դատարանն այլ որոշում կայացրեց և դատավորը նույնիսկ արտասանեց մի շարք, մեր կարծիքով՝ բավականին տարօրինակ հիմնավորումներ, օրինակ՝ այն, որ Ենոքյանը «արդեն 29 տարի պատիժ է կրել» և որ «օրենքը թույլ է տալիս նրան ազատ արձակել»։

Օրենքն իսկապես թույլ է տալիս, բայց ամենևին չի պարտադրում դա անել։ Իհարկե, օրենքը պետք է մարդասիրական լինի, բայց մարդասիրական՝ այն մարդկանց հանդեպ, ովքեր իսկապես արժանի են նման վերաբերմունքի, ովքեր սխալ են թույլ տվել, անզգուշությամբ են սպանություն գործել, բայց մարդասիրական վերաբերմունքը չպետք է տարածվի այն մարդու վրա, ով դաժանագույն սպանություն է պլանավորել և իրականացրել։ Ենոքյանը զղջալու ոչ մի նշան չի ցուցաբերում։ Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա՝ նա պնդում է իր անմեղությունը։ Ասում է. «թույլ տվեք ինձ հանգիստ ապրել իմ ընտանիքի հետ։ Եվ առհասարակ, ես ընդամենը վկա եմ»։ Այսինքն, նա ևս մեկ անգամ փորձում է մեղքը բարդել իր հանցակցի վրա և այսքան տարի անց ստեղծել իր «անմեղության» տպավորությունը։

Նա արդեն փորձել է դա անել, երբ երկրորդ մասնակիցը՝ Արամ Հարությունյանը, ազատության մեջ է եղել։ Այն ժամանակ Ենոքյանը նրան նամակներ է ուղարկել՝ պահանջելով մեղքը վերցնել իր վրա, քանի որ նա արդեն կրել էր իր պատիժը։ «Դու դուրս ես գալիս, քեզ նորից չեն դատի։ Մեղքը քո վրա վերցրու, որ ես էլ դուրս գամ»,- գրել է Ենոքյանը Հարությունյանին։

Ենոքյանի ոչ մի փաստարկ քննադատության չի դիմանում։ Քանի սպի կար իմ եղբոր մարմնի վրա... Իսկ նրան սպանողների մարմնի վրա գրեթե ոչ մի քերծվածք չկար։ Եթե հիմք ընդունենք Ենոքյանի խոսքերը «ծեծկռտուքի» մասին, մի՞թե կարող էր ստացվել, որ երիտասարդ, մարզված տղայի գլուխը ջարդված լինե, և ամբողջ մարմինը դանակահարված, իսկ մյուս երկուսը գրեթե չտուժեի՞ն։ Բոլոր նրանք, ովքեր ճանաչում էին Իոսիֆին՝ հասկանում են «նրա նախաձեռնած ծեծկռտուքի» մասին պնդումների անհեթեթությունը։ Իմ եղբայրը միշտ բոլորին հաշտեցնում էր։ Իսկ այն բանից հետո, երբ սկսել էր լրջորեն զբաղվել կարատեով՝ պարզապես չէր հանդուրժում ծեծկռտուքը։ Հիմա էլ Ենոքյանը, որը պլանավորել էր այս սարսափելի հանցագործությունը՝ դատարանին պատմում է, թե ինչ ծանր կյանք է ունեցել և թե ինչպես է հիմա ուզում օգուտ բերել պետությանը և չի ուզում, որ պետությունը փող ծախսի իր պահպանման վրա։

Օգոստոսի 5-ին Վերաքննիչ դատարանը կնշի տուժող կողմի բողոքի վերաբերյալ նիստը: Նիստը կնախագահի դատավոր Վաչե Մարգարյանը՝ գրավոր կերպով: Աղաջանովների ընտանիքի խոսքով՝ դատախազությունը նույնպես կբողոքարկի դատարանի որոշումը:

1996 թվականի հուլիսին հայկական հասարակությունը ցնցվել է բժշկական ինստիտուտի 19-ամյա ուսանող Իոսիֆ Աղաջանովի սարսափելի սպանությունից։ 1996 թվականի վերջին դատարանի որոշմամբ՝ սպանվածի համակուրսեցի Մհեր Ենոքյանը և նրա ընկեր Արամ Հարությունյանը մեղավոր են ճանաչվել և դատապարտվել՝ Հարությունյանը 15 տարվա ազատազրկման, իսկ Ենոքյանը՝ մահապատժի՝ որպես սպանության կազմակերպիչ։ Գործի նյութերի համաձայն՝ հանցակիցները մանրամասնորեն պատրաստվել են սպանությանը, հանցագործությունը կատարելուց հետո թաքցրել են դին և փորձել են սպանվածի ծնողներից պահանջել 20 հազար դոլար։ Հայաստանի կողմից մահապատժի վրա մորատորիում հայտարարելուց հետո՝ Ենոքյանի պատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ։ Ի տարբերություն 15 տարվա ազատազրկման դատապարտված Արամ Հարությունյանի՝ Ենոքյանը ոչ դատավարության ընթացքում, ոչ էլ հետո չի ընդունել իր մեղքը և չի զղջացել։ Նա երկու անգամ փախել է կալանքի վայրերից (2004 և 2009 թվականներին)։ Հայաստանում իշխանափոխությունից հետո Ենոքյանն ակտիվորեն պահանջում է վաղաժամկետ ազատ արձակում և հասել է բաց ռեժիմի ՔԿՀ տեղափոխվելուն։ Դա հիմնականում եղել է նրա կնոջ շնորհիվ, որը Պետական վերահսկողական ծառայության մամուլի քարտուղարի պաշտոնն է զբաղեցրել։