14:31 , 1 հոկտեմբեր, 2013Panorama.am-ը գրում է.
Հայաստան ներմուծվող ձկան կերը չի պարունակում հորմոնային հավելումներ կամ խթանիչներ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միասնություն» ՀԿ-ի նախագահ Արթուր Աթոյանը` խոսելով հեռուստաընկերություններից մեկ անդրադարձի մասին, թե Հայաստան ներմուծվող ձկան կերի մեջ օգտագործվում են ներկանյութեր և խթանիչներ:
«Որևէ գիտնականի կամ կենսաբանի հետ առանց խորհրդակցելու պետք չէ չճշտված տեղեկություններ հրապարակել այն մասին, թե ձկան կերի մեջ օգտագործվում են խթանիչներ: Մենք հանրապետությունում չունենք որևէ ձկնարդյունաբերական ընկերություն, որը հավելումներ օգտագործի»,- ասաց Ա.Աթոյանը:
Նրա խոսքերով` նման հայտարարությունը առաջին հերթին կասկածի տակ է դնում պետական այն կառույցների գործունեությունը, որոնք վերահսկում են ձկան կերի ներմուծումը հանրապետություն: «Սա նշանակում է, որ պետական կառույցների կողմից սահմանի վրա, ինչպես նաև ձկնաբուծարաններում համապատասխան վերհսկողություն չի իրականացվում, ինչը զավեշտական է, անտրամաբանական և իրականության հետ ոչ մի կապ չունի»,- ասաց Ա.Աթոյանը:
Նա նշեց, որ երբ ձկան կերը ներմուծվում է հանրապետություն, սահմանի վրա բեռը կապարակնքվում է, վերցվում է փորձանմուշ, որի հետազոտությունից հետո երբ համոզվում են, որ հավելումներ չկան, նոր միայն թույլատրվում է ձկան կերը մաքսազերծել հանրապետություն:
Ա.Աթոյանը նշեց, որ ձեռնարկել են մի շարք քայլեր, որպեսզի պարզեն, թե որտեղից է աղբյուրը, ինչ սկզբնաղբյուր է գործել նման «դավադիր» հայտարարությունների համար: «Այդպիսի երևույթները առաջին հերթին մեծ խնդիր են առաջացնում մեր համեստ տնտեսության համար, քանի որ այն առաջին հերթին հարվածում է արտադրողներին և նրանք տուժում են միայն այն բանի համար, որ ինչ-որ մեկը անհիմն հայտարարություններ է արել»,- ասաց Ա.Աթոյանը` հավելելով, որ ինքը պատրաստ է համագործակցել բոլորի հետ և տրամադրել համապատասխան ինֆորմացիա ցանկացած ձկնարդյունաբերական ընկերությունից:
«Ես վստահ եմ, որ սա պատվեր է, չգիտեմ ում կողմից, բայց ամոթ պատվիրատուին: Եթե ասել են, թող ասեն մինչև վերջ իրենց ասելիքը և թող փորձեն ապացուցել»,- ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ