Հայաստանն այս հարցում բացառապես լսողի ու հնազանդվողի դերում է՝ առանց սեփական ձայնի իրավունքի


13:11 , 25 հուլիս, 2025
ՔՊ-ական Եղոյայն Արմանը ԶԼՄ-ներից մեկի եթերում հայտարարել է, որ մտադիր չեն ընդունել ամերիկյան առաջարկը: «Նկատել ենք ինքնիշխանության զիջման վտանգ, ոչ թե ֆունկցիայի իրականացումից ենք վտանգ տեսել, այլ հենց վարձակալությունից։ Այդ տարբերակը մեզ համար ընդունելի չի եղել։ Մտքերի փոխանակում է եղել ամերիկացիների հետ, թեման այդ ուղղությամբ չի շարունակվում, եթե ասել ենք չէ, ուրեմն չէ»,-մասնավորապես՝ ասել է «Եղոն»՝ խոսելով «Զանգեզուրի միջանցքի» թեմայով:

Սրանից առաջ, հիշեցնենք, իշխանությունները դրական էին արտահայտվել ամերիկյան առաջարկի մասին՝ ոչ մի վտանգ չնշմարելով: Սա նշանակում է, որ ճնշում է եղել Նիկոլի վրա: Հարց ՝ Իրանից բացի է՛լ ո՞վ կարող էր նրան ճնշած լինել, գուցե Մոսկվա՞ն, որը ֆորմալ առումով պահպանում է այս հարցում չեզոքություն, սակայն հայտնի է, որ դիվանագիտության մեջ պաշտոնական հայտարարությունները հաճախ կրում են ընդամենն իրականությունը սքողող բնույթ: Ի դեպ՝ չմոռանանք, որ Իլհամը ևս որոշակի հայտարարություններով էր հանդես եկել՝ պահանջելով բացարձակապես անխոչընդոտ ու չվերահսկվող միջանցք՝ դեպի Նախիջևան:

Իրականում այս հարցում Նիկոլը չի կարող սուբյեկտ հանդիսանալ, նա չի կարող մի «պու» անգամ ասել համաշխարհային նշանակություն ստացած այս հարցի վերաբերյալ, քանի որ ընդամենը կատարողի դերում է հանդես գալիս: Այսօր մի բան կասեն, վաղը՝բոլորովին այլ բան, ընդ որում՝ դեմքի նույն լուրջ արտահայտութամբ:

44-օրյա պատերազմի ու դրան հաջորդած իրադարձությունների իմաստը հենց Հայաստանի սուբյեկտայնությունը զրոյացնելն էր, որին գնաց Նիկոլը՝ յուր իշխանությունը պահելու համար: