Անհրաժեշտության դեպքում նման գործողություններ կարող են կրկնվել. Թրամփը՝ Իրանի միջուկային օբյեկտներին hարվածելու մասին


11:26 , 22 հուլիս, 2025

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է կրկին հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին, եթե դրա անհրաժեշտությունը լինի։ Այս մասին նա գրել է Truth Social հարթակում՝ արձագանքելով Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հայտարարությանը՝ հունիսին իրականացված ամերիկյան հարվածների հետևանքով Իրանի միջուկային օբյեկտներին հասցված լուրջ վնասների մասին։ Այս մասին գրում է iranintl.com-ը:

«Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին՝ Իրանի միջուկային օբյեկտների մասին․ «Վնասը շատ լուրջ է, դրանք ոչնչացված են»։ Իհարկե՝ այդպես է, ինչպես ես էի ասել  և եթե հարկ լինի, մենք կրկին կանենք դա», - գրել է Թրամփը։

Նա նաև քննադատել է CNN-ին՝ կեղծ տեղեկություններ տարածելու համար, ըստ որոնց՝ ԱՄՆ հարվածները ամբողջությամբ չեն վնասել Իրանի միջուկային ծրագիրը։ Նշենք, որ հունիսին ԱՄՆ-ն իրականացրել էր Operation Midnight Hammer ռազմական գործողությունը, որի ընթացքում B-2 ռազմավարական օդանավերը կիրառել էին 30,000 ֆունտանոց «բունկերային ռումբեր»՝ հարվածելով երեք հիմնական միջուկային օբյեկտներին։

Fox News-ին տված հարցազրույցում Իրանի ԱԳ նախարար Արաղչին հաստատել էր՝ օբյեկտները լուրջ վնասվել են․ «Մեր օբյեկտները վնասվել են, լրջորեն վնասվել...։ Ինչքանով ինձ հայտնի է՝ դրանք լուրջ վնասներ են կրել», - ասել է նա։

Այնուամենայնիվ, Արաղչին ընդգծել է, որ Իրանը չի հրաժարվի ուրանի հարստացման ծրագրից՝ դա անվանելով ազգային հպարտության հարց։
«Մեր հարստացման ծրագիրն անչափ թանկ է մեզ համար։ Մենք չենք կարող հրաժարվել դրանից, քանի որ այն մեր գիտնականների ձեռքբերումն է, և հիմա՝ ավելին, այն դարձել է ազգային արժանապատվության հարց», - ասել է նախարարը։