Երևանում տղամարդը մտել է «Ինգո Արմենիա»-ի գրասենյակ և հայտնում է, որ կդիմի ծայրահեղ քայլի
14:22 , 17 հուլիս, 2025
Այսօր՝ հուլիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանութան համայնքայն ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի քաղաքացի այցելել է Հանրապետության փողոցի թիվ 51 հասցեում գործող «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերություն և սպառնում է ինքնահրկիզվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և փրկարար հոգեբանը:
Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:
Շենքի տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Միհրդատ Ալեքսանյանն ու Նարեկ Մաթևոսյանը:
Տեղում պարզվել է, որ տղամարդը ինչ-որ խնդիրներ ունենալու պատճառով սպառնում է «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունում ինքնահրկիզվել:
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է տղամարդու ինքնությունը, և հնարավոր է փաստաթղթերը փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին: