Դանիան կուժեղացնի ռազմական ներկայությունը Գրենլանդիայում


22:47 , 6 հունիս, 2025

Այս ամառ Դանիան կավելացնի իր ռազմական ներկայությունը Գրենլանդիայում։ Այնտեղ կտեղակայվեն մի քանի F-16 կործանիչներ, երկու EH-101 ուղղաթիռներ և ռազմական ֆրեգատ։ Բացի այդ, թագավորությունը կավելացնի ցամաքային պարեկների թիվը:

Այս մասին հայտնում է Գրենլանդիայի արտաքին գործերի և գիտության նախարարությունը։

Նշվում է, որ Դանիայի զինված ուժերը ծրագրում են ձմեռային հատուկ նշանակության զորավարժություններ անցկացնել Գրենլանդիայում։ Գրենլանդիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Վիվիան Մոտցֆելդի խոսքով՝ զինվորականները պետք է կարողանան կղզում կատարել իրենց հանձնարարված խնդիրները՝ ելնելով անվտանգության ներկա իրավիճակից։

Ի դեպ, պարեկությանը, բացի դանիացի զինվորականներից, կմասնակցեն նաև զինվորական ծառայության մեջ գտնվող գրենլանդացիները։