10 ամսական երեխա է կյանքից հեռացել. ծնողները «Արմավիր» ԲԿ-ի բժիշկներին են մեղադրում
16:06 , 1 հունիս, 2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով մայիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Մայիսի 29-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժին է դիմել Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Լ. Ս․-ն և հայտնել, որ մայիսի 7-ին իր մանկահասակ դստերը, 10 ամսական Ա․ Պ․-ին առողջական խնդիրների պատճառով տեղափոխել է «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղ մանկական բաժանմունքի վարիչ, Արմավիրի մարզի բնակիչ 69-ամյա Գ. Դ․-ն կատարել է երեխայի թոքերի և թթվածնի ստուգում, որից հետո հայտնել է, որ երեխայի մոտ ամեն բան կարգին է, առողջական խնդիրներ չունի և ուղղորդել է տեղամասի մանկաբույժ, Արմավիրի մարզի բնակիչ 64-ամյա Լ. Ե․-ի մոտ, ով նույնպես ստուգումներ կատարելուց հետո, հետագա ստուգումների համար ուղեգրել է Երևան քաղաքի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ իր դուստրը ստացիոնար բուժում է ստացել մինչև մայիսի 11-ը և մահացել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Լուսինե Ս․-ն նաև հայտնել է, որ «Արմավիր» բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքի վարիչ՝ Գ. Դ․-ի և տեղամասի մանկաբույժ՝ Լ. Ե․-ի կողմից առաջին բուժօգնություն չցուցաբերելու և իրենց մասնագիտական պարտականությունները չկատարելու պատճառով իր երեխան մահացել է։
Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն։