ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը մայիսի 20-ին հայտնել է, որ Կալիֆոռնիա եւ Ֆլորիդա նահանգներում իրավապահները ձերբակալել են հայկական կազմակերպված հանցավոր սինդիկատի 13 ենթադրյալ անդամների ու փոխկապակցված անձանց:
Ըստ հաղորդագրության՝ նրանց վերաբերյալ հանցագործության մասին 5 հաղորդում է ներկայացվել: Ենթադրյալ հանցանքների թվում են՝ սպանության փորձ, առեւանգում, առցանց մանրածախ առեւտրով զբաղվող խանութներից տասնյակ միլիոնավոր դոլարների գողություն, հրաձգային զենքի ապօրինի կրում: Այս ամենը, ըստ ԱՄՆ իրավապահների, արվել է Կալիֆոռնիայի Սան Ֆերնանդո հովտում սինդիկատի անդամների ունեցած վերահսկողությունը պահպանելու եւ ընդլայնելու համար:
Մայիսի 20-ին ձերբակալվածներից մեկը 41-ամյա Արա Արտունին է Լոս Անջելեսի Պորտեր Ռենչ արվարձանային թաղամասից: Նրան մեղադրանք է առաջադրվել շորթում կատարելու նպատակով սպանության փորձ իրականացնելու մեջ:
Արտունու եւ մյուսների դեմ ներկայացված հաղորդումներից մեկը մայիսի 14-ին Կալիֆոռնիայի Կենտրոնական շրջանի դատարան է ներկայացրել ԱՄՆ ներքին անվտանգության դեպարտամենտի (DHS, Department of Homeland Security), ինչպես նաեւ Ներգաղթի եւ մաքսային մարմնի (ICE, Immigration and Customs Enforcement) հատուկ գործակալ Ջերոմ Սալվադորը (Jerome S. Salvador): Հաղորդումից, որը դատավորի կողմից ընդունվել է մայիսի 15-ին, տեղեկանում ենք, որ Արտունին հայտնի է նաեւ իբրեւ «Արա Հարությունյան», «Արո», «Արաբո», «Սանթոս»: Ըստ այդմ՝ նա ԱՄՆ-ում բնակվում է օրինական հիմքերով ու չնայած հայտարարել է, թե Իրանի քաղաքացի է, իրականում, ենթադրաբար, ՀՀ քաղաքացի է, որը միաժամանակ քրեական հեղինակություն է կազմակերպված հանցավորության հայկական շրջանակներում եւ ունի իր հանցավոր խմբավորումը՝ Artuni Enterprise-ը:
Ըստ ԱՄՆ իրավապահների՝ Արտունու հակառակորդը 46-ամյա Ռոբերտ Ամիրյանն է (Amiryan Organized Crime Group) Լոս Անջելեսի Հոլիվուդ շրջանից: Վերջինս էլ, ըստ հատուկ գործակալ Սալվադորի հաղորդման, հայտնի է նաեւ «Ռուբո», «Ռուբո Ֆիշ», «Ռուբ», «Ֆիշ» (թարգմանաբար՝ ձուկ) եւ «Սանտորո» անուններով: Ամիրյանը եւս ձերբակալվել է մայիսի 20-ին: Նա եւ Արտունին, ըստ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի, ձերբակալությունից հետո պետք է ներկայացվեին Կալիֆոռնիայի շրջանային դատարան:
50-ամյա Վահան Հարությունյանն էլ Ֆլորիդա նահանգի Հոլիվուդ քաղաքից է: Նա ձերբակալվել է նույն նահանգի Ֆորտ Լոդերդեյլ քաղաքում:
Մեղադրյալների թվում են նաեւ 45-ամյա Լեւոն Առաքելյանն (Լաս Վեգաս, Նեւադա) ու 33-ամյա Իվան Բոխորկեսը (Ivan Bojorquez, հայտնի նաեւ որպես «Ստալ», Կալիֆոռնիայի Գարդինա քաղաքից), որոնք, ըստ հաղորդագրության, ձերբակալվել են այլ գործերով:
Մայիսի 20-ի հաղորդագրության մեջ նշվել է, որ իրավապահները դեռ փնտրում են մի հոգու, ինչպես նաեւ այդ օրն իրականացված գործողության արդյունքում առգրավել են շուրջ 100 հազ. դոլար կանխիկ գումար, 3 հատ զրահապատ մեքենա եւ 14 միավոր հրաձգային զենք:
Վերոնշյալ հայերի դեմ ներկայացված հանցագործության մասին հաղորդումներում նշվել է, որ հայկական կազմակերպված հանցավոր շրջանակները փոխկապակցված են ռուսական մաֆիային եւ Լոս Անջելես շրջանը (Los Angeles County) դարձրել են ԱՄՆ-ում իրենց գործողությունների կենտրոն: Ըստ ամերիկացի իրավապահների՝ 2022-ից երկու հայ լիդերներ (Արա Արտունին եւ Ռոբերտ Ամիրյանը), որոնք հայտնի են նաեւ որպես քրեական հեղինակություն, ըստ էության, մտել են առճակատման մեջ իրենց տարածքի վերահսկողության համար, ինչը հանգեցրել է սպանության բազմաթիվ փորձերի ու առեւանգումների:
Արտունուն, համաձայն հաղորդագրության, մեղադրանք է առաջադրվել 2023-ի ամռանը Ամիրյանի դեմ սպանության փորձ կազմակերպելու հիմքով: Իր հերթին Ամիրյանը 2023-ի հունիսին առերեւույթ համաձայնության էր եկել իր հանցավոր խմբավորման անդամների հետ՝ առեւանգել եւ խոշտանգել Արտունուն փոխկապակցված անձանցից մեկին:
Սպանության փորձից բացի՝ Արտունին եւ նրա հանցավոր կազմակերպությունն առնվազն 2021-ից առերեւույթ կատարել են այլ հանցագործություններ, ներառյալ՝ բանկային խարդախություն, խարդախություն էլեկտրոնային միջոցների կիրառմամբ, բեռների գողություն, ինչի թիրախում եղել են առցանց առեւտրի հարթակները, ինչպիսին է Amazon.com-ը: Ըստ իրավապահների՝ Artuni Enterprise-ի անդամներն ու փոխկապակցված անձինք գրանցվել են որպես Amazon-ի փոխադրողներ, պայմանագրեր են կնքել բեռնափոխադրումների երթուղիների համար, իսկ հետո՝ փոխադրումների ժամանակ, շեղվել են երթուղուց եւ հափշտակել են բեռի ամբողջ խմբաքանակը կամ դրա մի մասը: Amazon-ի գնահատմամբ՝ Artuni Enterprise-ն իրենից առերեւույթ հափշտակել է ավելի քան 83 մլն դոլարի ապրանք: Բացի դրանից՝ Artuni Enterprise-ն իրականացրել է բանկային քարտերի խարդախություն, որի շրջանակներում քարտերից գումարներ են փոխանցվել շինծու բիզնեսի հաշվին, իսկ հետո այդ հաշիվը զրոյացվել է, նախքան քարտերը թողարկող ընկերությունները կկարողանային հետ ստանալ գումարները:
«Այսօրվա ձերբակալությունները վկայում են այն մասին, որ իմ գրասենյակը եւ մեր իրավապահ գործընկերները հանձնառու են ապահովել Ամերիկայի անվտանգությունը անդրազգային հանցավոր կազմակերպությունները չեզոքացնելու միջոցով»,- ամսի 20-ին հայտարարել է Կալիֆոռնիայի Կենտրոնական շրջանի դաշնային դատախազ Բիլ Էսեյլին (Bill Essayli):
Նկատենք, որ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը ղեկավարում է գլխավոր դատախազը: ԱՄՆ-ն եւ նրա անդրծովյան տարածքները բաժանված են 94 դատական շրջանի, որոնք գլխավորում են 93 դաշնային դատախազները: Նրանք էլ ենթարկվում են գլխավոր դատախազին:
«Թող այսօրվա իրավապահ գործողությունները նախազգուշացում լինեն հանցագործներին. մեր համայնքները ձեզ համար բռնության ու բանդիտիզմի վայր չեն»,- ասել է դատախազ Էսեյլին:
«Այս անդրազգային հանցավոր կազմակերպությունը գործել է միջազգային կարտելի կառուցվածքով եւ դաժանությամբ՝ զգալի վնաս հասցնելով հանրային անվտանգությանն ու էական վնաս պատճառելով օրինական առեւտրին եւ մատակարարումների շղթաներին»,- հայտարարել է հատուկ գործակալ Դուեյն Անգերբրանդտը (Dwayne Angerbrandt):
«Ձեռք-ձեռքի աշխատելով մեր դաշնային, նահանգային ու տեղական իրավապահ գործընկերների հետ՝ միասնական ենք մեր առաքելության մեջ՝ բացահայտել, ձերբակալել ու արդարադատության առաջ կանգնեցնել դաժան հանցագործներին: Միասին մենք հստակ ուղերձ ենք հղում՝ մեր համայնքներում բռնություն չենք հանդուժելու»,- հայտարարել է Լոս Անջելեսի ոստիկանության պետ Ջիմ ՄըքԴոնելը (Jim McDonnell):
«Բըրբանքի ոստիկանական դեպարտամենտի հետաքննիչները հարյուրավոր ժամեր են ծախսել՝ այս սարսափելի դաժան հանցագործությունները հետաքննելու համար,- ասել է հայաշատ Բըրբանք քաղաքի ոստիկանապետ Ռաֆայել Քինտերոն (Rafael Quintero),- դեպարտամենտը շնորհակալ է իր իրավապահ գործընկերներին եւ դաշնային դատախազի գրասենյակին՝ այս անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով կատարած աշխատանքի համար»:
Ըստ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հաղորդագրության՝ եթե բոլոր մեղադրանքները հաստատվեն, մեղադրյալներին սպառնում է 10 տարուց մինչեւ ցմահ ազատազրկում դաշնային բանտում:
Նշվում է նաեւ, որ սա «Վերադարձնենք Ամերիկան» (Take Back America) գործողության մաս է: Սա համազգային նախաձեռնություն է, որը համախմբում է Արդարադատության դեպարտամենտի բոլոր ռեսուրսները՝ անօրինական ներգաղթը հետ մղելու, կարտելների եւ անդրազգային հանցավոր կազմակերպությունների լիակատար չեզոքացմանը հասնելու, դաժան հանցագործություն կատարողներից ամերիկյան համայնքները պաշտպանելու համար:
Ինչպես նշեցինք ամենասկզբում, Արդարադատության դեպարտամենտը հայտարարել է 13 ձերբակալվածի մասին, որոնց վերաբերյալ հանցագործության մասին 5 հաղորդում է ներկայացվել:
Բայց ահա մայիսի 14-ին հատուկ գործակալ Ջերոմ Սալվադորի կողմից դատարան ներկայացված հանցագործության մասին հաղորդման մեջ նշվում է 16 հոգու մասին, որոնց վերաբերյալ ձերբակալման օրդերներ են հայցվել:
Վերեւում նշեցինք այս 16-ից 5-ին՝ Արա Արտունի, Ռոբերտ Ամիրյան, Վահան Հարությունյան, Լեւոն Առաքելյան, Իվան Բոխորկես:
Ռ. Ամիրյանը, Վ. Հարությունյանն ու Ի. Բոխորկեսը մեղադրվում են առեւանգման մեջ: Նրանց առերեւույթ հանցակիցներն են Սեւակ Գզրարյանը (հայտնի նաեւ որպես «Սեկո»), Միքայել Ստեփանյանը («Մկո», «Մայք»), Արթուր Հարությունյանը («Արթուր», «Բուլ» (թարգմանաբար՝ ցուլ)), Ռենցո Ֆրանցիսկո Էգիլուսը (Renzo Francisco Eguiluz, «Տեմպեր»):
Շորթման նպատակով սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվում է ոչ միայն Ա. Արտունին, այլեւ Դավիթ Հազրյանը («Դավո», «Դավ»), Վահագն Ստեփանյանը («Վի» (Vee), «Վովա Տիտով», «Յուհա Ալվեր» (Juha Alver)) եւ Քրիստիան Սեդանոն (Christian Sedano):
Անօրինական զենք կրելու մեջ մեղադրվում են Ալեքս Ագոպյանը («Ալիկ», նրա մոտ հայտնաբերվել է Kimber Custom տիպի ատրճանակ), Մանուկ Մանուկյանը (Ruger 10/22 տիպի հրացան), Լեւոն Առաքելյանը (Glock 29 տիպի ատրճանակ):
Միջպետական բեռների գողության նպատակով հանցավոր համաձայնության գալու մեջ մեղադրվում են Արվին Ալբերտ Կազարյանը («Արթուր», «Արտ») եւ Արեգ Բեզիկը («Էլվիս Նարեկ», նախկինում՝ «Նարեկ Բեզիկյան»):