Երկրաշարժ՝ Իտալիայում. Նեապոլի մետրոպոլիտենի աշխատանքը դադարեցվել է


17:12 , 13 մայիս, 2025

Իտալիայի Նեապոլի շրջանում գտնվող հայտնի Ֆլեգրեյան դաշտեր հրաբխային տարածքի ափերի մոտ 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնում է Իտալիայի Երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտը։

Դրա տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է շուրջ 974,000 բնակչությամբ Նեապոլից 12 կմ դեպի արևմուտք։ Օջախը գտնվել է 3 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են Նեապոլի պատմական կենտրոնում: Քաղաքի մետրոպոլիտենի աշխատանքը դադարեցվել է։

Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։

Նախազգուշական միջոցառման շրջանակում տարածքում գնացքների երթևեկությունը դադարեցվել է: Փորձագետները ստուգում են երկաթգծերը՝ պարզելու համար արդյոք դրանք վնասվել են, ասել է երկաթուղային օպերատոր Ferrovie dello Stato Italiane-ն: