Նախաձեռնությունը ուղղված է Փաշինյանին հեռացնելո՞ւն, թե՞ «Հայաստան» խմբակցությանը թիրախավորելուն. հայտարարություն


12:29 , 2 մայիս, 2025

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը մշտապես կողմնակից է  եղել Նիկոլ Փաշինյանին հեռացնելու որևէ տարբերակի  կիրառմանը։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաստան» խմբակցությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Փաշինյանի հեռացումը համարելով կենսական անհրաժեշտություն պետության և ժողովրդի համար՝ «Հայաստան» խմբակցությունն առաջինն է հայտարարել իմպիչմենտի իրավական գործիքը կիրառելու տարբերակի մասին։

Նաև ակնհայտ է՝ առանց փողոցում ձևավորված հզոր, համաժողովրդական ճնշման անհնար է իմպիչմենտի հաջողության համար անհրաժեշտ՝ շուրջ երկու տասնյակ հավելյալ ձայների ապահովումը։ Ավելին, նույնիսկ այդպիսի ճնշումը վերջնական չի երաշխավորում անհրաժեշտ ձայների ապահովումը: Նախաձեռնության հեղինակները քաղաքական կուսակցություններ կամ  շարժումներ չեն ներկայացնում և, ըստ էության, որևէ քաղաքական պատասխանատվություն չեն կրում իմպիչմենտի հավանական ձախողման և դրա հետևանքների համար։

Այսօրվա դրությամբ   նույնպես տեսանելի չէ նրանց կարողությունը հաջողության համար անհրաժեշտ ընդվզող  զանգվածի գեներացման հարցում։ Այս ամենը խմբակցության մոտ  կասկածներ է առաջացնում նախաձեռնության իրական նպատակների վերաբերյալ։  

 Այնուամենայնիվ,

«Հայաստան» խմբակցությունը միաձայնությամբ վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ տրամադրելու մեր բոլոր 28 պատգամավորների ստորագրությունները իմպիչմենտի գործընթացի մեկնարկի համար, եթե նման գործընթաց նախաձեռնողները կարողանան ապահովել պակասող 8 պատգամավորի ստորագրությունը,  ինչպես նաև հրապարակավ կհայտարարեն իմպիչմենտի հաջողության հասնելու համար անհրաժեշտ ժողովրդական զանգված ապահովելու իրենց  կարողության և պատասխանատվության մասին։

Մենք նաև անընդունելի ենք համարում մեր խմբակցության պատգամավորներին թիրախավորելու, մեզ հետ շանտաժի լեզվով խոսելու փորձերը, որոնք անպատասխան չեն կարող մնալ:

Այս գործելաոճը կասկածներ է առաջացնում՝ արդյո՞ք նախաձեռնությունը ուղղված է Նիկոլ Փաշինյանին հեռացնելուն, թե՞ դրա տակ թաքնված է «Հայաստան» խմբակցությանը թիրախավորելու նպատակ։