14:33 , 10 ապրիլ, 2025
Ալիևի հայտարարությունը, թե «Հայաստանի ներկայիս կառավարությունը պասիվ ռևանշիստ է», թեև ակնհայտ աբսուրդային է, իրականում ունի խորքային ռազմավարական նպատակ։ Դա պարզապես հայտարարություն չէ՝ այն հստակ ուղղված է Հայաստանին միջազգային ասպարեզում մեկուսացնելու, ապագա հնարավոր ագրեսիայի հիմքերը նախապես քարոզչորեն պատրաստելու համար։
Երբ Հայաստանի իշխանություններն արդեն ընդունել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը, հրաժարվել են Մինսկի խմբի դիվանագիտական ռեսուրսներից, թուլացրել են բանակը, «հատ առ հատ» հանձնել դիրքեր ու նույնիսկ սահմանային կրակոցներին չեն արձագանքում՝ Ալիևի նման պնդումը կարող է միայն քարոզչական շղարշ թվալ։ Բայց դա հենց այն շղարշն է, որի հետևում կարող է թաքնված լինել հերթական հարձակումն ու ճնշման նոր ալիքը։
Ալիևը գիտի, որ ներկայիս իշխանությունները չեն դիմադրելու։ Նա տեսնում է, որ Հայաստանը կամովին հրաժարվում է իր անցյալից, իրավունքներից ու ինքնությունից։ Եվ հենց այդ լռությունն է, որ դառնում է ամենամեծ սպառնալիքը։
Եվ հենց այստեղ է ցավն ու վտանգը։ Ոչ թե Ալիևն է այս ամենի գլխավոր պատճառը, այլ այն, որ Հայաստանում կան իշխանություններ, որոնք իրենց վարքագծով լեգիտիմացնում են նրա պահանջներն ու լեզուն։ Երբ չկա քաղաքական կամք, երբ լռությունը դարձել է պետական քաղաքականություն, երբ զիջումները ներկայացվում են որպես խաղաղություն՝ Ալիևի նմանները գործում են ազատ, առանց արգելակների։
Ակտիվ քաղաքականություն կամ նոր զիջումներ – այլընտրանք չկա։