Թրամփն անհամբեր սպասում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը և վավերացմանը. Էրիկ Ջեյքոբս


14:11 , 4 ապրիլ, 2025

168.am-ը գրում է․

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անհամբերությամբ սպասում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը և վավերացմանը:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի էներգետիկ ռեսուրսների բյուրոյի ավագ խորհրդական Էրիկ Ջեյքոբսը, Հարավային գազային միջանցքի խորհրդատվական խորհրդի 11-րդ և Կանաչ էներգետիկայի խորհրդատվական խորհրդի 3-րդ նախարարների հանդիպման ժամանակ՝ Բաքվում:

«Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի ավարտի կապակցությամբ: Նախագահ Թրամփն անհամբերությամբ սպասում է դրա ստորագրմանը և վավերացմանը, քանի որ կայունությունն ու խաղաղությունը կապահովեն տարածաշրջանի տնտեսական զարգացումը»,-ասել է նա։

Ջեյքոբսը նշել է, որ կայուն խաղաղությունը վերջ կդնի տարածաշրջանային հակամարտությունների ցիկլին և անվտանգություն ու բարգավաճում կբերի Հարավային Կովկասին: «Մենք բարձր ենք գնահատում այս համարձակ քայլը խաղաղության և բարգավաճման ճանապարհին»,-հավելել է նա: