Ռուսաստանում փախստականների երեխաներին հնարավոր է զրկեն անվճար կրթությունից


13:55 , 27 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Ռուսաստանում պատրաստել են օրինագիծ, որը ենթադրում է արգելել ռուսական դպրոցներ և մանկապարտեզներ ընդունել այն փախստականների երեխաներին, որոնք չեն կարող ապացուցել, որ պարտաճանաչ վճարում են հարկերը, հաղորդում է «Իզվեստիա» թերթը:

«Ես համոզված եմ, որ մեզ ներգաղթյալներ պետք չեն: Եթե նրանք ռուսներից խլում են աշխատատեղերը, թող գոնե հավելյալ ճնշում չգործադրեն սոցիալական ինստիտուտների վրա»,- ասել է նախագծի հեղինակ, «Միասնական Ռուսաստան» կուսակցության անդամ Ալեքսեյ Ժուրավլյովը:

Գործող օրենսդրության համաձայն՝ Ռուսաստանում արտասահմանցիների երեխաներն իրավունք ունեն հաճախել ռուսական մանկապարտեզներ և դպրոցներ, եթե նրանց ծնողներն ունեն ժամանակավոր գրանցում: Դրա հետ մեկտեղ, ներգաղթյալների երեխաները շարունակում են հաճախել ուսումնական հաստատություններ նաև այն դեպքում, երբ գրանցման ժամկետը, որն այժմ երեք ամիս է, լրանում է: