Լիբանանը հայտնվել է ճգնաժամի շեմին` սիրիացի փախստականների հոսքի պատճառով


21:39 , 26 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Լիբանանում կանխատեսվում է սոցիալական բողոքի պայթյուն՝ սիրիացի փախստականների հոսքի մեծացման ֆոնին: Ինչպես հաղորդում է Interfax-ը, այս մասին հայտարարել է Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը:

Լիբանանի ղեկավարի խոսքերով` ճգնաժամի ռիսկը փոքրացնելու համար անհրաժեշտ են խոշոր ֆինանսական միջոցներ՝ փախստականների հետ կապված ծախսերը հոգալու, Լիբանանի հասարակական կառույցների և բանակի ամրապնդման համար:

ՄԱԿ-ի տվյալների համաձայն` Լիբանանում ներկայում գրանցված է 760 հազար սիրիացի: Ակնկալվում է, որ մինչև տարեվերջ այդ թիվը կհասնի մեկ միլիոնի: Միևնույն ժամանակ լիբանանյան կառավարության հաշվարկների համաձայն` սիրիացի փախստականների թիվը հասել է 1.2 միլիոնի: Դա կապված է այն բանի հետ, որ ոչ բոլոր փախստականներն են անցնում գրանցման անհրաժեշտ ընթացակարգը:

Կանխատեսումների համաձայն` Լիբանանին սպասվում է սոցիալական լարվածության պայթյուն, եթե միջազգային հանրությունը չօգնի երկրին լուծելու սիրիացի փախստականների խնդիրը: Մասնավորապես կարող է սկսվել էլեկտրաէներգիայի խափանում: Դպրոցները, որոնք ստիպված կլինեն ընդունել մինչև 100 հազար աշակերտի, կաշխատեն մի քանի հերթափոխով: Արդեն հիմա թափուր աշխատատեղերի համար սիրիացիների և լիբանանցիների միջև սկսվել է խիստ պայքար: