Չարլզ III-ը Սանդրինգհեմ կալվածքում ընդունել է Զելենսկիին


12:26 , 3 մարտ, 2025

168.am-ը գրում է․

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը մարտի 2-ին Անգլիայի արևելքի Նորֆոլքի կոմսության Սանդրինգհեմ կալվածքում ընդունել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Զելենսկին Մեծ Բրիտանիայի միապետի հետ հանդիպել է եվրոպական երկրների ղեկավարների գագաթնաժողովից հետո, որի ընթացքում քննարկվում էին ռուս-ուկրաինական հակամարտությանը վերջ դնելու ուղիները։

Նշվում է, որ Չարլզ III-ը «ջերմորեն է ընդունել» Զելենսկիին։

Հանդիպումը, որը տեղի է ունեցել մեկ բաժակ թեյի շուրջ, տևել է մոտ մեկ ժամ։

Զելենսկին իր հերթին նշել է, որ Մեծ Բրիտանիայի թագավորի հետ «շատ լավ հանդիպում» է ունեցել, և շնորհակալություն է հայտնել նրան Ուկրաինային ցուցաբերած աջակցության համար։

Չարլզ III-ը նախկինում ևս աջակցություն էր հայտնել Զելենսկիին և Ուկրաինային։ Նրանց առաջին հանդիպումը տեղի էր ունեցել 2023 թվականին Բուքինգհեմյան պալատում՝ Մեծ Բրիտանիա Զելենսկիի անակնկալ այցի ժամանակ, որից հետո նույն օրը թագավորն այցելել էր Ուիլթշիրում վերապատրաստում անցնող ուկրաինացի զինվորներին։