ՌԴ-ում բազմազավակ հայրը 30-րդ երեխան է ունեցել


16:10 , 30 հունվար, 2025

Ռուսաստանցի Իվան Սուխովը 30-րդ անգամ է հայր դարձել. ինչի մասին հայտնի է դարձել ռուսական Առաջին ալիքի «Թող խոսեն» հեռուստահաղորդման եթերում, հայտնում է rbc.ru-ն։

Հաղորդավար Դմիտրի Բորիսովը նշել է, որ Վլադիմիրի մարզից Մոսկվա տեղափոխված Իվան Սուխովի կինը հունվարի սկզբին լույս աշխարհ է բերել տղամարդու արդեն 30-րդ երեխային։ Երեխայի սեռը չի նշվում։

Սուխովի խոսքով՝ իր առաջնեկը ծնվել է 16 տարեկանում։ Հիմա նա արդեն պապիկ է: Տղամարդու խոսքով՝ ինքը չի պատրաստվում սրանով բավարարվել և ցանկանում է ունենալ 50 երեխա։

Սուխովն ունի մի քանի կին, որոնցից միայն մեկի հետ է պաշտոնապես ամուսնացածԼ Նա և կանայք միասին են ապրում:

Ինքը՝ Սուխովը, իրեն լավ ընտանիքի հայր է համարում։ Նրա երեխաները դպրոց չեն հաճախում, իսկ կանայք դուրս են գալիս միայն ամուսնու թույլտվությամբ։

Նախկինում Սուխովը պատմել էր, որ ընտանիքն ապրում է Մոսկվայում՝ 75 քմ մակերեսով երեք սենյականոց բնակարանում։

Ինչպես նշում է rg.ru-ն, Մոսկվայում երեխաների իրավունքների հանձնակատար Օլգա Յարոսլավսկայան հայտարարել է, որ այցելել է այս ընտանիքին և որևէ խախտում չի հայտնաբերել։ Նրա խոսքով՝ Սուխովն ամուսնացած է կանանցից մեկի հետ, իսկ մնացածներն իրենց կամքով են ապրում նրա հետ։ Ըստ հանձնակատարի՝ նրանց երեխաները ոչ մի բանի կարիք չունեն, նրանց իրավունքները չեն ոտնահարվել։