Բաքվում Գյանջայի հրթիռակոծության հրաման տվողի «բացահայտման» խնդիր է դրված, որն էլ հետևողականորեն «կարվում» է Նիկոլ Փաշինյանի վրա


10:26 , 21 հունվար, 2025

Aysor.am-ը գրում է․

Բաքվում ընթացող դատավարության մեխն Ադրբեջանի համար Հայաստանին ագրեսոր, օկուպանտ, էթնիկ զտումներ իրականացնող երկիր հռչակելն է, գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Հայաստանի իշխանության լռության պայմաններում մեր «երկրի վզին» ինչ էլ ուզենան` կփաթաթեն:

Ինչու՞ է Ադրբեջանը կենտրոնացել Գյանջայի ուղղությամբ հրթիռակոծության ու, մասնավորապես, Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանից ցուցմունքներ կորզելու կամ նկարելու վրա:

Ադրբեջանական քարոզչական ակնարկներից ակնհայտ է, որ խնդիր է դրված Գյանջայի հրթիռակոծության հրաման տվողի «բացահայտմանը», որն էլ հետևողականորեն «կարվում» է Նիկոլ Փաշինյանի վրա:

Ավելին, Ադրբեջանից ակնարկներ կան, որ եթե այդ հանգամանք ապացուցվի, իսկ Բաքվի դատարանում, ինչ էլ ուզեն՝ կկեղծեն, ապա դա լեգիտիմ իրավունք կվերապահի Ադրբեջանին, որպեսզի ռազմական գործողություններ նախաձեռնի Հայաստանի դեմ», - գրել է պատգամավորը:

Նա նաև նկատել է, որ  այդ «ցուցմունքն» արդեն ունեն` հստակ է, այստեղ հարցն այն է, թե դա Հայաստանի դեմ ինչպես կօգտագործեն կամ շանտաժային քաղաքականությունում ինչ նոր նյուանսներ կմտցնեն: