Հութիները պնդում են` հրթիռով հարվածել են Իսրայելի պաշտպանության նախարարության շենքին


22:42 , 18 հունվար, 2025

Lurer.com-ը գրում է․

Եմենի շիաները «Անսար Ալլահ» խմբավորումից (հայտնի են` որպես հութիներ-խմբ.) պնդում են, որ բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվում Իսրայելի պաշտպանության նախարարության շենքին, հայտնում է խմբի մամուլի ծառայությունը, գրում է Al Masirah-ը:

Հութիների ռազմական խոսնակն ասել է, որ «հրթիռը բարձր ճշգրտությամբ խոցել է իր թիրախը»:

Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ Եմենի տարածքից մեկ բալիստիկ հրթիռ է արձակվել և հաջողությամբ կալանվել։ Ոչ ոք չի տուժել։ Իսրայելական Ynet հրատարակությունը հրապարակում է ազատ տարածքում խոցված հրթիռի բեկորի լուսանկար։ Միաժամանակ, իրենք՝ հութիները, պնդում են, որ Իսրայելի հակաօդային պաշտպանության ուժերը չեն կարողացել խոցել իրենց «Զուլֆիկար» հրթիռը։