Հունաստանում խուզարկություններ են անցկացվում նեոնացիստների գրասենյակներում


11:12 , 25 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Սեպտեմբերի 24-ի երեկոյան հունական «Ոսկե լուսաբաց» նեոնացիստական կուսակցության գրասենյակներում անցկացվել են խուզարկություններ: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով ոստիկանության իր անանուն աղբյուրներին:

Գործողության ընթացքում ձերբակալվել է ոստիկանության 45-ամյա աշխատակից, որը կուսակցության փաստաբաններից մեկի թիկնապահն է: Հաղորդվում է, որ ավելի վաղ տղամարդն ազատվել էր ծառայողական պարտականությունների կատարումից, քանի որ նրան կասկածել էին նեոնացիստների հետ կապեր ունենալու մեջ: Ձերբակալվածի անունը չի հաղորդվում:

Գործակալության տվյալներով՝ խուզարկություններն անցկացվել են ծայրահեղ աջ հայացքներ ունեցող քաղաքական գործիչների և իրավապահ մարմինների միջև կապերի հետաքննության շրջանակներում: AFP-ի աղբյուրի տվյալներով՝ առաջիկա օրերին ոստիկանությունը նախատեսում է անցկացնել մի շարք խուզարկություններ:

Ոստիկանության կողմից նեոնացիստների հանդեպ ուշադրությունը մեծացել է Աթենքում 34-ամյա երաժշտի սպանությունից հետո, որն ունեցել է ձախ հայացքներ: