Հայտնիների երիտասարդության հետքերով


05:54 , 24 սեպտեմբեր, 2013

Esem.am-ը գրում է.

Հայտնի մարդկանց կենսագրության հետքերով գնալիս հայտնվեցինք նրանց երիտասարդ տարիքում ու կրկին վերադարձանք երիտասարդություն` այս անգամ նրանց երեխաների միջոցով:

Գրետա Մեջլումյան. «Այսօրվա երիտասարդներն իրար շատ նման են»

-Երիտասարդ տարիքում քեզ թվում է, որ երբեք չես մեծանալու, միշտ երիտասարդ ես մնալու. կյանքն առջևում է, երազանքներն ու պլաններըª անսահման: Թվում էր` դերերն էլ են անսահման և երբ ուզես, կխաղաս. չգիտեմ, արդյոք բոլորի մո՞տ է էդպես եղել: Երբ նայում էի տատիկ-պապիկներին, մտածում էի` ինչ մեղք են, ինչի են էսպես, և թվում էր, թե նրանք միշտ էդպես են եղել: Այժմ բավականին հասուն տարիքում եմ և երբ հետ եմ նայում, իհարկե, զգում եմ, որ կյանքը խաբկանք է: Այն, ինչ թողեցիր, էդպես էլ մնաց չարված, և ինչեր կարող էիր անել: Ինձ համար հետաքրքիր են եղել, իհարկե, իմ աշխատանքն ու դերերը. արդեն 60 տարեկան եմ, բայց չգիտեմ` ինչ բան է հանգիստը, ես երբեք ոչ մի օր չեմ գնացել հանգստանալու, որովհետև այնքան շատ բան կա անելու, որ օրդ չի բավականացնում: Դա եղել է նաև բնավորությունից է. ես հանգստանում եմ մենության, լռության և բնության մեջ: Իմ երիտասարդության տարիներին էլ երիտասարդները զբաղվել են այն ամենով, ինչ այժմ, պարզապես այն ժամանակ չկար համացանցը, և երևի դա լավ էր: Մարդիկ այն ժամանակ իրենցով էին զբաղվում, հիմա ժամանակ չունեն իրենց «ես»-ի վրա աշխատելու, որովհետև այնքան են տարված այդ ցանցով: Տարիներն անցնում են, իսկ նրանք ոչինչ չեն անում: Այսօրվա երիտասարդները բոլորն իրար շատ նման են: Հաճախ ուսանողներիս ասում եմª կարծես բոլորդ մի տնից դուրս եկած լինեք. թե՛ մտածելակերպով, թե՛ արտաքինով և թե՛ հագուկապով նրանք բոլորն իրար նման են:  Անհատականություններ չկան, իսկ եթե կան էլ, երբեմն ինձ թվում է`  սարքված են, ուզում են տարբերվել: Չեմ կարող չասել, որ կան նաև շատ խորը երիտասարդներ, ուսանողներ, բայց որ 80 տոկսը գազոնի նման են, հաստատ: Մեր ժամանակ երիտասարդները կարդում էին, հաճախ էին լինում բնության գրկում: Մեր թատրոնում հաճախ էին լինում միջոցառումներ, իսկ ես գրեթե բոլոր ներկայացումներում խաղում էի: Ինքս Լոռվա բնության մեջ եմ ապրել, իսկ այժմ, քանի որ այստեղ եմ, չորանում եմ: Չեմ կարող չասել նաև, որ այսօրվա երիտասարդների ընկերական շրջապատը բավականին մեծ է, ամեն օր մեկի ծնունդը, կնունքն է. այդպիսով իրենց օրը երբևէ իրենց վրա չեն օգտագործում: Ընկերությունը ևս պետք է ճիշտ լինի, որովհետև մարդը քիչ կյանք ունի, նա պետք է կարողանա դա շատ ճշգրիտ օգտագործել:Ծովինար Մարտիրոսյան«Զարգանալու ու ուսումնասիրելու տարիներ էին» 

-Իմ երիտասարդության տարիները` 16-21 տարեկանը, կապվածեն ուսանողական տարիների հետ: Շատ լավ տարիներ էին. ամեն օրը մի հեքիաթ էր ու շատ տպավորիչ: Իմ երիտասարդության տարիները համընկան 90-ականների անկմանը. այդ ժամանակ հավաքվում էինք լոտո, մաֆիա խաղալու, ինչպես նաև արշավների էինք գնում, օրինակ` Լաստիվեր, Մեղրաձոր: Մեր կարդալու, զարգանալու ու ուսումնասիրելու տարիներն էին. եկեղեցիներ և այլ պատմամշակութային վայրեր էինք գնում: Հետաքրքիր էր, ինտերնետ չկար ու նոր-նոր հայտնվել էր բջջային հեռախոս ասվածն ու առաջին քարտերը, որոնցով միայն զանգահարում էինք: Իմ երիտասարդության տարիները որոշ առումով նման են իմ ծնողների ապրած երիտասարդությանը, իսկ մեր երեխաներինը հաստատ շատ տարբեր է լինելու, որովհետև նրանք ամեն բան այժմ ռոբոտային արագությամբ են անում:Նելլի Խերանյան«Այն ժամանակ ամոթ էր ինչ-որ բան չիմանալը» 

-Իմ երիտասարդությունից ոչ թե մեկ, այլ մի քանի բան է տպավորվել: Բաներ, որոնք ընդմիշտ մնացել են հիշողությանս մեջ: Այդ տարիները կապված են ուսանելու, թատրոնում առաջին քայլերն անելու և, իհարկե, երիտասարդ տարիքում` 21 տարեկանում, ամուսնանալու և ընտանիք կազմելու հետ: Մենք սիրում էինք կարդալ, երաժշտություն լսել, լավ ֆիլմեր դիտել ու միմյանց փոխանցել, թե տվյալ շրջանում որ ֆիլմը կամ որ գիրքն է ի հայտ եկել: Ավելի վառ տարիքում` պատանեկության շրջանում, թաքուն կարդում էի Դրայզերի վեպերը, «Դեկամերոնը», իսկ երիտասարդության տարիներին շատ էի սիրում կարդալ Եսենինին, Սևակին, ինչպես նաև տպավորված էի Մաքս Ֆրիշի «Հոմո ֆաբեր» գործից: Դրան հակառակ չէի սիրում պատմավեպեր կարդալ: Այն ժամանակ ամոթ էր ինչ-որ բան չիմանալը: Ճիշտ է, այսօրվա երիտասարդները շատ ավելի ազատ են, գիտեն իրենց իրավունքները, բայց ոչ պարտականությունները, տեղեկացված են, բայց կան բաներ, որ իրենց հասանելի չեն: Նրանց համար հայտնի ապրանքանիշ չիմանալն է ամոթ, ոչ թե որևէ նկարչի կամ գրողի մասին չիմանալը: Գուցե ժամանակի հետ կարևորեն կյանքում գրագետ լինելը:Անի Ներսիսյան«Սիրում եմ ժամանակս տանն անցկացնել» 

-Ինձ համար շատ հետաքրքիր է երիտասարդության շրջանը, թեև ինքս ակտիվ չեմ ու հանգստության կողմնակիցն եմ: Շատ եմ սիրում ազատ ժամանակ գիրք կարդալ, ֆիլմ դիտել. հիմնականում ռուսական գրականություն եմ կարդում (առաջին անգամ Դոստոևսկու «Կարամազով եղբայրներ» գիրքն եմ կարդացել): Հիմնականում սիրում եմ ժամանակս տանն անցկացնել, այդ առումով մայրիկիս եմ նման :)

Այժմ աշխատում եմ Թատերական ինստիտուտում` Արմեն Մազմանյանի օգնականն եմ, շփվում եմ երիտասարդների հետ և կարող եմ ասել, որ նրանց մեծ մասը կարդալ չի սիրում. ավելի շատ նախընտրում են համացանցը, ինքս էլ օգտվում եմ դրանից, բայց դրա հետ մեկտեղ կարելի է նաև գիրք կարդալ: Այսօրվա երիտասարդների հետաքրքրությունների շրջանակը նեղ է ու չեն էլ ցանկանում ընդլայնել, ավելի շատ բան իմանալ: Երիտասարդների շփումը նվազել է` էլի նախընտրելով շփվել համակարգչով` իրար աչքերի մեջ նայելով, նորմալ շփվելու փոխարեն:Վարդան Պետրոսյան«Մենք ամեն վայրկյան սեր էինք շնչում» 

-Ունեցել եմ շատ գունեղ, հետաքրքիր, նախանձելի երիտասարդություն: Իմ կյանքի ամենահիշվող ու փոթորկալից ժամանակներն են եղել հատկապես ուսանողական երիտասարդության տարիները: Գեղարվեստաթատերական ինստիտուտում ստեղծեցինք երաժշտական թատերախումբ, որից հետո էլ որոշեցի թատրոն ստեղծել: Մեր հանդիսատեսն ունեինք, իրարով ապրում էինք, խենթություններ էինք մոգոնում, ինչ-որ բաներ էինք հորինում, ինչ ասես` չէինք անում. գիշերային սերենադներ աղջիկների լուսամուտների տակ և այլն: Տարվա ընթացքում նոր ներկայացումներ, համերգներ էինք տալիս, իսկ ես նմանակումներ, կատակներ էի անում: Բոլորս մեզ համարում էինք Վան Գոգ, Պիկասո, մեզ համար աշխարհը կլոր չէր, տիրեզերքը մերն էր: Երիտասարդությունը շատ փոթորկալից ժամանակաշրջան է, սիրահարվածության շրջան էր, մենք սիրահարված էինք կյանքին, մենք ամեն վայրկյան սեր էինք շնչում: Մեր ժամանակ ինտերնետ չկար, և շատ բաներ արգելված էին: Մի քանի զբաղմունք ունեինք. առաջին զբաղմունքը հարբելն էր, երկրորդը` կարդալը. գրականությունն էլ զարտուղի ճանապարհներով էինք հայթայթում: Ժամանակներն այլ էին, մենք անհոգ էինք, սովետական կյանքի ճահճացման ժամանակները բախտ ունեցանք տեսնելու. երբ հաց կար ուտելու, սպառնալիքներ չկային, պետարազմի վտանգ չկար: Այսօրվա երիտասարդությունը չափից դուրս հնարավորություններ ունի, բայց արգելքների մեջ է. իրենց ավելի լքված են զգում, շատերը իրենց «ես»-ի տերը չեն զգում, մինչև երիտասարդ դառնալը ցանկանում են գնալ երկրից, որովհետև իրենց երազանքների իրականացումը չեն տեսնում այստեղ: Նրանք շատ նման են աշխարհի այն մեծահարուստներին, ովքեր այնքան հիվանդություններ ունեն, որ չեն կարողանում օգտվել, օրինակ` առատ սեղանից:Հայկ Պետրոսյան«Սիրելու ուժեղ շրջան էրհաճախ էի սիրահարվում» 

-Հույս ունեմ, որ երիտասարդ կլինեմ 16-80 տարեկանում, իսկ ջահելություն անելու տարիները լավ իմաստով խենթության տարիներ են: Այդ տարիներին շատ բան եմ սովորել, որովհետև 16-ից տարեկանից Ֆրանսիա եմ գնացել: Կարելի է ասել, ուսանելու շրջան էր. ամեն ինչ նոր էր, սովորում էի ու սպունգի նման ամեն բան կլանում: Ուսունմասիրում էի ամեն բան, Լուվրի թանգարան էի գնում… Սիրելու ուժեղ շրջան էր, հաճախ էի սիրահարվում, բայց սիրում եմ մեկ-մեկ: Մի շարք պատմություններ կան, որ միշտ մտածել եմ` մեծանամ, պատմելու եմ թոռնիկներիս: Այդ տարիները քեֆերի տարիներն էի, երբ սկսում ես ալկոհոլ օգտագործել, սակայն չափի մեջ: Հայրս միշտ ասում է` ինչքան շատ բան հասցնես հավաքել ջահելության շրջանում, այնքան լավ կանցնի հետագա ճամփորդությունդ: Այժմ բանակում ամեն բան այլ է. հիմնականում կարդում եմ (ներկայումս Վահրամ Փափազյանի «Հետադարձ հայացք» կենսագրականը-հեղ.) և ծրագրում եմ կյանքս զորացրվելուց հետո: Համացանցի առումով միշտ էլ մի քիչ հետամնաց եմ եղել և այն քիչ տեղ է գրավել իմ կյանքում, փոխարենը շատ եմ մասնակցել քեֆերի ու մշակութային տարբեր միջոցառումների: