Ինչպե՞ս խնամել դեմքի չոր մաշկը աշնանը


21:01 , 23 սեպտեմբեր, 2013

Aysor.am-ը գրում է.

Չոր մաշկը մշտական հավելյալ խնամքի կարիք ունի: Եթե նույնիսկ ամեն օր օգտագործում եք խոնավեցնող միջոցներ, միևնույն է շաբաթը 1-2 անգամ պետք է սնուցող դիմակներ օգտագործել: Պատրաստեք դիմակներ՝ բնական միջոցներից:

Մեղրով, դեղնուցով ու նուշով դիմակ

Այս դիմակի համար անհրաժեշտ է 1 թեյի գդալ մեղր, 2 թ. գդալ նուշի յուղ և մեկ դեղնուց: Պետք է այս մթերքները լավ խառնել իրար, որից հետո ստացվածը քսել դեմքին ու պահել հինգ րոպե: Դիմակը լվանալ գոլ ջրով, որից հետո քսել խոնավեցնող քսուկ:

Կաթնաշոռի դիմակ

Այս դիմակը սնուցում է դեմքի մաշկն ու օգնում է խուսափել դրա թեփոտումից: Այն պատրաստելու համար անհրաժեշտ է 1 սեղանի գդալ կաթնաշոռ, որին պետք է ավելացնել 1 թեյի գդալ տաքացված մեղր ու 1 թեյի գդալ տաք գդալ: Դիմակը ստանալու համար պետք է լավ խառնել այս մթերքները, որից հետո քսել դեմքին ու թողնել 15 րոպե ու լվանալ գոլ ջրով:

Գազարով ու թթվասերով դիմակ

Այս դիմակը թարմ տեսք է հաղորդում ձեր դեմքին: Պետք է քերել մեկ միջին չափի գազար և դրան ավելացնել 1 ճաշի գդալ թթվասեր: 
Խառնուրդը քսել դեմքին ու թողնել 15 րոպե:

Բանանի դիմակ

Այս դիմակը շատ զգայուն մաշկի համար է: Պետք է մեկ բանանը ճզմել պատառաքաղով և դրան ավելացնել 1 թեյի գդալ բուսական յուղ ու մեկ ձվի դեղնուց: Լավ խառնելուց հետո դիմակը քսել ու թողնել 15 րոպե: