Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին


18:59 , 23 սեպտեմբեր, 2013

Operativ.am-ը գրում է.

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին՝ ԳԴՀ Բունդեսթագի ընտրություններում նրա ղեկավարած Քրիստոնեադեմոկրատական միության տպավորիչ հաղթանակի կապակցությամբ:

 «Քրիստոնեադեմոկրատների՝ թվով երրորդ անընդմեջ հաղթանակը միանգամայն սպասելի էր. Ձեր իմաստուն ղեկավարությամբ Գերմանիան համաշխարհային մարտահրավերների այս դժվարին շրջափուլում ոչ միայն չընկրկեց ու շարունակեց վերելք ապրել, այլև օգնության ձեռք մեկնեց հարևան և բարեկամ մի շարք պետությունների՝ առավել բարձրացնելով իր հեղինակությունն ու վարկը միջազգային ասպարեզում:

 Միաժամանակ, այս ընտրությունների արդյունքում արձանագրված նկատելի առաջընթացը փաստեց, որ Դուք Ձեր մասնագիտական բարձր կարողությունների, երկարամյա համառ ու նպատակասլաց աշխատանքի և մարդկային բարձր որակների շնորհիվ, շարունակում եք վայելել գերմանացի ժողովրդի վստահությունը:

 Համոզված եմ, որ Դաշնային կառավարությունը Ձեր գլխավորությամբ կշարունակի հանձնառու լինել փոխադարձ վստահության և հարգանքի վրա խարսխված հայ-գերմանական հարաբերությունների շարունակական զարգացմանը, ինչում Հայաստանը խորապես շահագրգիռ է:

 Որպես Հայաստանի հանրապետական կուսակցության ղեկավար մեծապես արժևորում եմ նաև մեր ղեկավարած կուսակցությունների միջև առկա համագործակցությունը և կապերի հետագա խորացումը հատկապես ԵԺԿ շրջանակներում:

 Ի սրտե մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, նորանոր հաջողություններ Ձեր պետական գործունեության մեջ, իսկ Գերմանիայի բարեկամ ժողովրդին կայուն առաջընթաց և բարօրություն:

 Ընդունեք խնդրեմ, մեծարգո տիկին Մերկել, խորին հարգանքներիս հավաստիքը»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում: