Թուրք ընդդիմադիր պատգամավորն առաջարկում է վերադարձնել բնակավայրերի հայկական անվանումները


15:27 , 23 սեպտեմբեր, 2013

Emedia.am-ը գրում է.

Թուրքիայի ընդդիմության խոշորագույն կուսակցություններից մեկի՝ Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավոր Սեզգին Տանրիօղլուն, բաց նամակ է հղել երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, առաջարկելով նրան հետ վերադարձնել թուրքական մի շարք քաղաքների անվանումները:

Ինչպես տեղեկացնում է թուրքական Internethaber պարբերականը՝ իր նամակում պատգամավորը նշել է, որ երկրի մի շարք քաղաքների հայկական, վրացական, արաբական և հունական անունները վերանվանվել են թուրքականի, սակայն այդ վայրերի բնակիչները շարունակում են դրանք անվանել հին անուններով:

«Օտարերկրյա մարդը լսելով այդ անվանումները, որոշում է, թե դրանք տարբեր վայրեր են, իսկ դա ընդամենը հին և նոր անուններ են: Անատոլիայի բազմաթիվ բնակավայրեր շարունակում են կոչվել հին անուններով, չնայած նրան, որ կան նոր անվանումներ: Եվ չնայած նրան, որ այդ բնակավայրերում էթնիկ կազմը փոխվել է, անվանումները մնացել են: Այս համատեքստում, չեք մտածում այն մասին, պարոն վարչապետ, որ ձեր գյուղին՝ Դումանկայա անվանումով, վերադարձնել նրա հին անվանումը՝ Պուլիխոզ, իսկ Ռիզե նահանգի Գյունեյսու շրջանին վերադարձնել նրա Պոտոմյա անվանումը. կամ պետք է ստեղծել երկու անվանումների գործածման հատուկ մեխանիզմ»,- ասվում է պատգամավորի բաց նամակում: