15:03 , 23 սեպտեմբեր, 2013
Emedia.am-ը գրում է.
Սույն թվականի սեպտեմբերի 24-27-ին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը հայկական զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ կներկայացնի Հայաստանը Փարիզում կայանալիք «TopResa 2013» զբոսաշրջային միջազգային տարեկան ցուցահանդեսին:
Այս տարի ցուցահանդեսին նախատեսվում է 164 երկրների շուրջ 1200 զբոսաշրջային կազմակերպությունների և ավելի քան 28 հազար զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների մասնակցություն:
Ցուցահանդեսի ընթացքում միջազգային հանրությանը ներկայացվելու են Հայաստանի պատմամշակութային և քրիստոնեական հարուստ ժառանգությունը ցուցադրող ֆրանսերենով գովազդային նյութեր և քարտեզներ:
Խոշորագույն այս ցուցահանդեսին ՀԱՄՀ մասնակցությունը նպատակ ունի՝ խթանելու Հայաստանի զբոսաշրջությունը և բարձրացնելու երկրի ճանաչելիության մակարդակը եվրոպական շուկայում՝ նպաստելով ներգնա զբոսաշրջային հոսքերի աճին: