Էս դատից ամեն ինչ էլ սպասելի էր. Սիրունյանը Սեդրակյանի դատավճռի մասին (Video, foto)


13:02 , 23 սեպտեմբեր, 2013

Yerevannews.am-ը գրում է.

Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ կայացավ Վարդան Սեդրակյանի գործով դատավճիռը:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ամբաստանյալ Սեդրակյանը դատապարտվեց 14, Հարությունյանը 12, իսկ Պողոսյանը 14 տարվա ազատազրկման:

Դատավոր Պողոսյանը հայտարարեց, որ վճիռը կարող է բողոքարկվել 1 ամսվա ընթացքում: Նա նաև հայտնեց, որ տուժող Պարույր Հայրիկայնի կողմից ներկայացված այն միջնորդությունը, ըստ որի ամբաստանյալները պետք է հատուցեին իր վնասները` մահափորձից հետո արտասահմանյան բուժկենտրոններում արված ծախսերը, չի քննվել:

Դատաքննության ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Վարդան Սեդրակյանի դատապաշտպան Ալիկ Սիրունյանը հայտարարեց, որ գործը կներկայացվի Վերաքննիչ դատարան, և եթե անհրաժեշտություն լինի, նաև Եվրոդատարան: «Մենք ասում էինք, որ ինչ անում եք, արագ արեք: Իսկ մեր դատավորը 40 օր արձակուրդ ա գնում: Էս դատից ամեն ինչ էլ սպասելի ա: Մենք հաստատ դիմելու ենք նաև Եվրոդատարան»,- հայտնեց Սիրունյանը:

Լրագրողների այն հարցին, արդյոք իրենք մեր դատարանից հույս չունեն, որ ցանկանում են նաև Եվրոդատարան դիմել, Սիրունյանը պատասխանեց, որ Կենտրոնով ամեն ինչ չի ավարտվում: