12:50 , 23 սեպտեմբեր, 2013Lragir.am-ը գրում է.
Հինգ երկիր հրաժարվել է մասնակցել Եվրատեսիլ 2014-ին՝ Չեխիա, Խորվաթիա, Սլովակիա, Լյուքսեմբուրգ եւ Անդորրա: Նրանք իրենց որոշումը պատճառաբանել են մրցույթի հանդեպ հասարակության հետաքրքրության նվազմամբ, ինչպես նաեւ ճգնաժամի եւ միջոցների խնայողության անհրաժեշտությամբ:
Եվրատեսիլի հանդեպ հանրային հետաքրքրությունը կարծես թե նվազել է նաեւ Հայաստանում: Համենայն դեպս, այդ հետաքրքրությունը կարծես թե նախկինը չէ, եւ հայաստանցիներn աստիճանաբար սկսեցին առավել հանգիստ վերաբերել այդ մրցույթին, քան մասնակցության առաջին տարիներին էր: Հայաստանի հասարակությունն ըստ երեւույթին հասկացավ, գուցե ենթագիտակցորեն, որ Եվրատեսիլ երգի մրցույթը ամենեւին այն չէ, ինչ փորձում են ներկայացնել Հայաստանում դրանով մեր երկրի մասնակցությամբ զբաղվողները: Եվրատեսիլ երգի մրցույթը որեւէ էական կապ չունի երկրի ճանաչելիության, հեղինակության, վարկանիշի եւ այլնի հետ: Դա մի մրցույթ է, որտեղ հաղթողները շատ արագ մոռացվում են եւ մնում են միայն հաղթելու համար ծախսված հսկայական փողերն ու sms սկանդալները:
Միգուցե իր առաջին տարիներին մրցույթը եղել է հեղինակավոր, միգուցե դրան մասնակցել են հանրահայտ աստղեր, մինչեւ հիմա էլ մասնակցում են՝ ընդ որում, նրանք որպես կանոն զբաղեցնում են շատ ցածր հորիզոնականներ, ինչը ավելորդ ապացույց է այն բանի, որ Եվրատեսիլը իրականում պոպ-ինդուստրիայի պարզունակ միջոցառումներից մեկն է, որի գոյությունը շարունակվում է միմիայն հենց ինդուստրիալ նպատակներով՝ փողի շրջանառություն, մեծ քանակի աշխատատեղերի ապահովում: Այսինքն, լուծվում է ընդամենը սոցիալական խնդիր մարդկանց մի որոշակի խմբի համար:
Նույն խնդիրը լուծելու նպատակով էլ Հայաստանում է Եվրատեսիլը քարոզվում իբրեւ աշխարհին ներկայանալու հեղինակավոր ամբիոն: Չէ որ հակառակ դեպքում հարց է առաջանալու, թե ինչ իմաստ ունի ծախսել հսկայական փողեր եւ մասնակցել դրան, եթե պետության մեջ կան իսկապես մեծ խնդիրներ թեկուզ հենց Հանրային հեռարձակման տիրույթում, եւ փողերը կարելի է ուղղել այդ կարեւոր խնդիրները լուծելուն, եթե ոչ այլ, ավելի մարդասիրական սոցիալական նպատակների լուծման: Իսկ Հայաստանի չափանիշներով դրանք իսկապես հսկայական փողեր են: Եվ զգալի փողեր են վատնվում սփյուռքահայության sms-ների համար, որոնք քվեարկում են Հայաստանի մասնակցի օգտին:
Եթե այդ քվեարկությունների փոխարեն ամեն տարի նույն պարբերականությամբ տեղի ունենա հանգանակություն, ապա Հայաստանում կամ Արցախում սփյուռքահայերը կարող են նպաստել շատ ավելի կարեւոր խնդիրների լուծմանը: Իսկ եթե կա գողացվելու կամ փոշիացվելու վտանգը, ապա ինչ տարբերություն՝ նրանց փողերը Հայաստանի մասշտաբով են ենթարկվում այդ ռիսկին, թե եվրոպական: Իսկ որ եվրոպական մասշտաբով այդ ռիսկը առկա է Եվրատեսիլի համակարգում, վկայում են վերջին տարիներին տարբեր երկրների անուններով ծագող սկանդալները:
Եվրատեսիլը միգուցե անհատական հնարավորություն է Հայաստանի մասնակիցների համար, որոնք կարող են իրենց ներկայացնել արտերկրում: Բայց, դրա համար թող ծախսերը հոգա տվյալ մասնակիցը, ոչ թե անձնական «պրեզենտացիան» իրականացնի հանրային կառույցի ջանքերով: Այլապես հասարակության յուրաքանչյուր անդամ կարող է հանրային կառույցից պահանջել աջակցություն իր միջազգային «պրեզենտացիայի» համար:
Սակայն, այդ ամենով հանդերձ, քիչ հավանական է, որ Հայաստանը հրաժարվի Եվրատեսիլի ավելորդ ծախսերից, եթե նույնիսկ երկրում աղքատությունը պաշտոնական 35 տոկոսից հասնի 55-ի, իսկ արտաքին պետական պարտքն էլ կրկնապատկվի: