11:13 , 23 հոկտեմբեր, 2024Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարություն է տարածել, որտեղ նշված է.
«Ամերիկյան «Նյուզվիք» ամսագրում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիեւը հրապարակել է մի հոդված, որում, փորձելով արդարացնել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումից Ադրբեջանի հրաժարվելը, գրում է.
«Մեր ճանապարհին մնում են հիմնական խոչընդոտներ: Առաջինը Հայաստանի Սահմանադրությունն է, որը կոչ է անում միացնել Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանը Հայաստանին։ Այս սահմանադրական ռեւանշիստական պահանջը նախկինում արդեն եղել է խոչընդոտ խաղաղության համար։ 1996 թվականին Հայաստանի այն ժամանակվա նախագահը հրաժարվեց ստորագրել ԵԱՀԿ գագաթնաժողովի եզրափակիչ հռչակագիրը՝ պատճառաբանելով, որ Հայաստանի Սահմանադրությունը թույլ չի տալիս ստորագրել Ղարաբաղը Ադրբեջանի տարածքի մաս ճանաչող միջազգային փաստաթուղթ»։
Հաջիեւի ասածը ադրբեջանական ռազմատենչ քարոզչության հերթական մի կեղծիք է։ 1996 թվականին Լիսաբոնում Հայաստանի Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն երկու անգամ է արտահայտել Հայաստանի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ծրագրի վերաբերյալ, որով Լեռնային Ղարաբաղին առաջարկվում էր ինքնակառավարման ամենաբարձր կարգավիճակ Ադրբեջանի կազմում։
Այսպիսով, Ադրբեջանը ակնհայտ սուտ է ներկայացնում միջազգային հանրությանը, փորձելով պատճառաբանել Հայաստանի հետ խաղաղության մերժումը իբր գոյություն ունեցող «սահմանադրական խոչընդոտներով»։ Ցավալի է, որ «Նյուզվիք» ամսագրի նման լուրջ լրատվամիջոցը պատշաճ կերպով չի ստուգել Հաջիեւի պնդումների հավաստիությունը։
Իրական խնդիրը, սակայն, ոչ թե Ադրբեջանի կողմից ներկայացված եւ ցանկության դեպքում հեշտությամբ հերքվող այս կեղծիքն է։ Խնդիրն ավելի շատ Նիկոլ Փաշինյանի ամուլ քաղաքականությունն է, որը պարտավոր էր միջազգային հանրության եւ, մասնավորապես, «Նյուզվիք» ամսագրի ուշադրությանը ներկայացնել Ադրբեջանի սուտը հերքող Հայաստանի պաշտոնական պատասխանը եւ պնդել դրա հրապարակումը։
Փաշինյանական դիվանագիտությունը, սակայն, լռության է մատնել ադրբեջանական կեղծիքը։ Այդպես վարվելով, նա հերթական անգամ, ըստ էության, համերաշխություն է հայտնել Ադրբեջանի վարած կեղծարար քաղաքականությանը։
Նույնը վերաբերվում է նաեւ Խոջալուի «ցեղասպանության» մասին Ադրբեջանի պնդումներին։ Այն ժամանակ նույնպես Հայ Ազգային Կոնգրեսը ստիպված իր վրա էր վերցրել Հայաստանի իշխանությունների գործառույթը եւ ներկայացրել ադրբեջանական կեղծարար քարոզչությունը հերքող ապացույցները»։