Մոլդովան և Վրաստանը՝ ԵՄ-ի «խոշորացույցի ներքո». Թբիլիսին «դեղին քարտ» ունի


13:12 , 15 հոկտեմբեր, 2024

Hraparak.am-ը գրում է.

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտնել է, որ ԵՄ անդամ երկրների արտգործնախարարները երկուշաբթի օրը՝ հոկտեմբերի 14-ին, քննարկել են Վրաստանի և Մոլդովայի նախընտրական իրավիճակը։

«Մենք քննարկել ենք իրավիճակը Մոլդովայում և Վրաստանում։ Առաջիկա շաբաթներին երկու երկրներին էլ սպասվում են վճռորոշ ընտրություններ։ Մոլդովան զգալի առաջընթաց է գրանցում Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ՝ չնայած Ռուսաստանի աճող ճնշմանը:

«Վրաստանում պատկերն ավելի բարդ է՝ համեմատած Մոլդովայի հետ։ Իշխող կուսակցության գործողությունները, հայտարարություններն ու նախընտրական խոստումները երկիրը հեռացնում են ԵՄ-ին անդամակցելու ճանապարհից և վկայում են ավտորիտարիզմի մասին։ Ուստի ԵՄ-ին անդամակցելու գործընթացը դե ֆակտո կասեցված է»,- վրացական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ ասել է Բորելը:

Նա նշել է, որ պետք է սպասել գալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքներին, որոնք, ըստ նրա, վճռորոշ փորձություն են լինելու Վրաստանի ժողովրդավարության և Եվրամիությանն անդամակցելու ճանապարհի համար։