Չիփսերը կարող են վատացնել երեխայի մտավոր զարգացումը


00:28 , 22 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Բրիտանացի հետազոտողները միանշանակ պնդում են, որ չիփսերը բացասաբար են ազդում երեխայի մտավոր զարգացման վրա: Այս եզրահանգմանը նրանք եկել են խնդիրը մանրամասն ուսումնասիրելուց հետո: Ուսումնասիրվել են երեք և չորս տարեկան այնպիսի երեխաներ, որոնց սննդակարգում ամեն օր չիփսեր են եղել: Գիտնականները պարզել են, որ նրանց ուղեղի աշխատանքը բոլոր առումներով ավելի վատ է այն երեխաների համեմատ, ովքեր չիփսեր չեն ուտում: 

Մասնագետները մասնավորապես նշել են, որ նրանց մոտ խախտված է հիշողությունը, ցրված է ուշադրությունը, իսկ վարքը անհանգիստ և անհավասարակշիռ է: Ավելի վատ են զարգացած նրանց ստեղծագործական հմտությունները: Իսկ արդեն դպրոցական տարիքում այս երեխաները տարբեր առարկաներից դժվարություններ են ունենում: 

Բժիշկների կարծիքով՝ մանկական ուղեղի համար վնասակար են հագեցած ճարպերը. հենց դրանք էլ համարվում են այդ վատ ազդեցության պատճառը: Ինչպես հայտնի է՝ չիփսերի մեջ դրանցից մեծ քանակությամբ է պարունակվում: Բացի դրանից՝ երեխաների սիրելի չիփսերում կա նաև ակրիլամիդ՝ քիմիական նյութ, որը ոչ միայն կանցերոգեն է, այլև մուտագեն: Գիտնականները նշում են, որ այս նյութը առկա է ցանկացած տապակած սննդամթերքի մեջ, հատկապես՝ բարձր ջերմաստիճանով մշակված: 

Բժիշկները նշում են, որ ուղեղի վրա բացասական ազդեցությունն անդառնալի է: Նրանք ծնողներին խորհուրդ են տալիս երեխաներին չիփսերով չկերակրել, եթե նրանք դեռ չորս տարեկան չկան: Ավելի մեծ տարիքի երեխաներին չիփսերը արգելված չեն, սակայն դրանք օգտակար սննդամթերքների խմբին չեն պատկանում: 

Ավելի վաղ գերմանացի գիտնականները պարզել էին, որ չիփսերը թմրանյութերի պես կախվածություն են առաջացնում: Ենթադրվում է, որ մեծ քանակությամբ ճարպերով և ածխաջրածնով հարուստ ուտելիքն ուղեղում գրգռում է հաճույքի կենտրոնը, որով էլ խթանում է մեծ կալորիականություն ունեցող սննդամթերքի ընդունման պահանջը: