16:55 , 21 սեպտեմբեր, 2013
Ցիցերոնն ասում էր. «Եթե ուզում եզ ազատ լինել, պետք է լինես ստրուկ օրենքի»: Հիրավի դա այդպես է, ուղղակի շատերը դա չեն գիտակցում: Այսօր բազում մարդիկ գանգատվում են, թե սա ի՞նչ անկախություն, մեր երկիրը՝ երկիր չէ, այ անկախ երկրները ուրիշ ձև են լինում, և այլն, և այլն... Մինչդեռ, նույն այդ մտքերը հայտնող մարդը, երբեք չի դիտարկում իր դերակատարությունը երկրի անկախության հարցում ու առավել ևս, չի ուզում տեսնի իր պատասխանատվության մասնաբաժինը առկա խնդիրներում, բայց անսահման տենչում է, որպեսզի ոչինչ չանելով ու իր կարծրատիպերի և նախապաշարմունքների դեմ չպայքարելով, վայելի իսկական անկախության արգասիքը: Երկիրը... երկիրը ինքնին զուտ աշխարհագրական ինչ որ միավոր է, որի անկախ կամ կախյալ լինելը պայմանավորված է բացառապես այդ երկիրը բնակեցնող մարդկանց ներքին անկախությամբ ու անկոտրումությամբ: Եթե երկիրը լցված է օպորտունիստներով ու ծույլերով, ովքեր ոչինչ չանելով ուզում են, որ իրենց ոսկե սկուտեղի վրա մատուցեն անկախությունը, ապա այդ երկիրը անկախ չի կարող լինել: Անկախությունը, կամ որ նույնն է՝ ազատությունը, դա երկսայր թուր է, որի մի սայրը կազմում են այն առավելությունները, որոնք ենթադրում է ազատությունը, իսկ մյուս սայրը կազմում են այն պատասխանատվությունները, առանց որոնց չի կարող լինել ոչ մի իրական ազատություն: Այո՛, ազտության քույրը պատասխանատվությունն է, իսկ եթե այս ձևակերպումը պրոյեկտում ենք երկրի անկախության հարցի վրա, ապա կարելի է ասել, որ անկախության կարևորագույն գրավականը օրինապաշտությունն է: Օրինապաշտություն՝ բառի լայն իմաստով: Երբ հասարակությունը մշակում և առաջնորդվում է գրված ու չգրված օրենքներով, ուրեմն այդ հասարակությունը կուռ է ու ամբոխ չէ, իսկ այդ հասարակության հայրենիքը անկախ է: Արդեն 22 տարի է, ինչ մենք ընտրել ենք ազատ լինելու ուղին ու չնայած բոլոր այն դժվարություններին ու խոչընդոտներին, որոնք հանդիպում են այդ ճանապարհին, մենք ճիշտ ուղղու վրա ենք և դրա գլխավոր գրավականը այն է, որ մարդկանց հոծ բազմությունը իր մեջ ուզում է լինել անկախ ու գիտակցում է, որ անկախությունը մի արժեք է, որից մենք զրկված ենք եղել գրեթե տասը դարերի ընթացքում: Խնդիրը այդ անկախություն ասվածի ընկալման և յուրաքանչյուրիս պատասխանատվության զգացողության մեջ է: Ասել է թե, եկեք յուրաքանչյուրս հաղթահարենք մեր անձնական ազատությանը խոչընդոտող արգելքները, անենք դա պետականամետ գիտակցությամբ ու կտեսնեք, որ փոխելով մեզ, լփոխենք մեր ազատ ու անկախ հայրենիքը: Տոնդ շնորհավոր, արդեն 22 տարեկանը բոլորած Հայաստանի Հանրապետություն: