Ինչո՞ւ են դավաճանում տղամարդիկ. Պարզաբանում է մասնագետը


16:04 , 21 սեպտեմբեր, 2013

Aysor.am-ը գրում է.

Որքան էլ կանայք մտածեն՝ տղամարդկանց դավաճանության մղող գործոնները շատ են ու բազմազան, պարզվում է` կարելի է «տեսակավորել» դրանք և մշակել «պայքարի ռազմավարություն»:

Ladynews-ի հետ զրույցում տղամարդու դավաճանության հիմնական պատճառների մասին խոսել է սեքսապաթոլոգ, բ. գ. թ., դոցենտ Մարատ Զաքարյանը: 

«Տղամարդու դավաճանության պատճառ կարող է հանդիսանալ ամուսնական զույգի աններդաշնակությունը, որոնցից ամենահաճախ հանդիպողը սոցիալ-հոգեբանական աններդաշնակությունն է. սրա մեջ մտնում են ամուսնական զույգի և՛ սոցիալական պայմանները, և՛ տնտեսական, և՛ առհասարակ ընտանիքի անդամների հետ (սկեսուր, սկեսրայր, երեխաներ) հարաբերությունները»,-ասել է սեքսապաթոլոգը` նկատելով, որ առաջին հերթին նման դեպքերում ընտանիքում կարող են ստեղծվել կոնֆլիկտային իրավիճակներ, որոնք էլ տղամարդուն մղում են արտաամուսնական կապերի:

Մասնագետի խոսքով` տղամարդուն դավաճանության մղող մյուս պատճառը սեռավարքային աններդաշնակությունն է: Անկողնում զույգի վարքը պետք է իրար համապատասխանի, եթե ոչ, ապա ամուսինը, իրեն բավարարած չզգալով, վայելքներ է փնտրում դրսում:

Լուրջ խնդիր է նաև սեռական կյանքի մասին տեղեկացվածության պակասը. զույգերը, չգիտակցելով ու հաշվի չառնելով միմյանց կարողությունները, մեծ պահանջներ են ունենում ու չհասնելով իրենց ակնկալիքներին, գնում են դավաճանության: Մարատ Զաքարյանը նշեց, որ տղամարդու դավաճանությունը կարող է կապված լինել նաև տարիքային առանձնահատկությունների հետ:

Նրա խոսքով` ամուսնական առաջին երեք տարիների ընթացքում հաճախ ամուսինները չեն կարողանում միմյանց հարմարվել հոգեպես, ունենում են նաև սեռական անհարմարվողականություն. նորից կոնֆլիկտներ ու արդյունքում` դավաճանություն: 

«Միջին տարիքում էլ հնարավոր է` զույգերը հոգնեցնեն միմյանց, ինչը ևս տղամարդուն կմղի դավաճանության: Քիչ չեն դեպքերը, երբ արդեն մեծահասակ ամուսնական զույգերն են ամուսնալուծվում: Մեծահասակների մոտ օրգանիզմի պաշտապանողական ռեակցիաները թուլանում են, հոգեկան և նյարդային համակարգերի գերլարված վիճակ է առաջանում, այս ամենին ավելանում է և՛ կնոջ, և՛ տղամարդու կլիմակտերիկ շրջանը, սրվում են ամուսինների միջանձնային հարաբերությունները»,- ասաց սեքսապաթոլոգը:

«Շատ մեծ նշանակություն ունի նաև կնոջ անձնական հիգիենայի ոչ պատշաճ պահպանումը` հանդիսանալով տղամարդու հիասթափության ու դավաճանության պատճառ»,- տղամարդկանց դավաճանությունը ևս մեկ փաստով հիմնավորեց սեքսապաթոլոգը: