07:41 , 21 սեպտեմբեր, 2013
Սեփական երկրի հաջողություններով չուրախացողն այդ երկրի թշնամին է...
Այսօր այնքան գաղջախառը տողեր գրվեցին, որ մարդիկ մոռացան ուրախանալ մի կարևոր ուրախությամբ՝ Գյումրիում տոն էր... Անկախ այն բանից, թե ովքեր են գնացել և ինչ են արել... Ավերների բեռան տակ դեռ կքված, թշվառությունն իբրև գոյաձև որդեգրած քաղաքում տոն էր...
25 տարի անց Ազատ Շիշյանի անվան երաժշտական դպրոցն իր շենքն ունեցավ: Շատերդ չգիտեք Ազատ Շիշյանին... Տաղանդավոր երաժիշտ և մտավորական, որն անցել էր ստալինյան ճամբարներով, ապա բնակություն հաստատել Գյումրիում և զբաղվել երաժիշտների դաստիարակությամբ... Եթե ոչինչ էլ արած չլիներ Ազատ Շիշյանը, բավական էր միայն նրա սաներից հիշատակել ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԻ անունը: Եվ նրա անունը կրող դպրոցն իր շենքը ունեցավ: Հայ օլիգարխները, որոնք Մոսկվայում փառասիրության ու սնապարծության տաճար են կառուցում՝ որևէ կերպ չաջակցեցին դպրոցի կառուցմանը: Իմ երիտասարդության շրջանի համաշխարհային աստղ Յան Գիլանն օգնեց դպրոցին... Չուրախանա՞նք...
Գյումրեցիներից շատերը փողոց դուրս եկան, հասկացան, որ ցավից զատ՝ նաև ժպիտ կա, ուրախություն կա,,,
Այս ամենի մասին չեն գրում ու չեն խոսում...
Գրեք, լուսաբանեք...
Նաև ջանք գործադրեք, որ ռուսաստանները ծաղկեցնող մեր փող փախցնողները գան Հայաստան և Գյումրիում իրենց բիզնեսն ու պալատները հիմնեն... Օգուտը շատ ավելի մեծ կլինի իրենց համար...