03:47 , 21 սեպտեմբեր, 2013
Աշխատում եմ նաև ՀՀ Սփյուռքի նախարարությունում... Ինչ-որ մի գումար, որպես աշխատավարձ ստանում եմ... Իմ այդ աշխատավարձով մեր բարձրաստիճանները մի ըմպանակ կոնյակ են խմում...
Սակայն կհրաժարվեի նաև այդ աշխատավարձից, միայն թե Սփյուռքի նախարարություն չլիներ... Նրա գոյության անհրաժեշտությունը չլիներ, մեր լեզվամթերքից մեկընդմիշտ ջնջվեր Սփյուռք բառը, որն անմիջականորեն կապակցվում է 1915-ի Ցեղասպանությանը...
Ջնջելու փոխարեն՝ մենք այսօր ուռճացնում, մեծացնում ենք Սփյուռքը, առավել տարողունակ ենք դարձնում ավանդական գաղթավայրերը, այդ թվում՝ Ռուսաստանը...
Մոսկվաներում ու սանկտ-պետերբուրգներում հայկական տներ ու դպրոցներ հիմնող, պարային խմբեր հիմնող մեր մեծահարուստներն այդ ամենն անում են, որպեսզի ժամանակ առ ժամանակ ոտքի կանգնեն, Հայաստանի կենացը խմեն, Երևանից տարված շոու-բազարի մի քանի կլկլացնողների իբր երգեցողության տակ հուզվեն ու... բացված ճոխ սեղանների շուրջ, որոնցով մի ամբողջ ամիս կարելի է հայաստանյան թոշակառուներին կերակրել՝ Մասիս սարի ու Երևանի կենացը խմեն, բարձրագոչ հայտարարություններ անեն հայրենասիրության ու հայրենիքի մասին...
Մինչդեռ տնտեսագետները հստակ հաշվարկ են արել, որ եթե այսօր հատկապես Ռուսաստանում գտնվող մեր ամեն մի գործարար Հայաստանում գեթ մի ձեռնարկություն աշխատեցնի, ապա կունենանք հավելյալ 400 հազար աշխատատեղ, պետական բյուջեն կհարստանա ևս 3 մլրդ դոլարով...
Մի՞թե բաժակաճառային հայրենասիրությունն ավելին է, քան այս ափաչափ երկիրը, մի՞թե Մոսկվայում կառուցված և ռուս Ուղղափառ եկեղեցու ավանդույթներով անվանակոչված Սբ Պայծառակերպության եկեղեցին ավելի է ջերմացնում մեր գործարարների սրտերը, քան լեռների ու ծերպերի գլխին ծվարած մի մատուռ կամ վանք, որն օգնության ճիչեր է արձակում...
Ուզում եմ հիշեցնել պատմության դառը դասերից. 1922-ից ի վեր, երբ կազմավորվեց ԽՍՀՄ-ը, բոլոր միութենական հանրապետություններն աշխատեցին հիմնականում Ռուսաստանի համար, հարստացրեցին Մոսկվան, որը փթթում էր զեխության ու պերճանքի մեջ, իսկ միութենական հանրապետությունների բնակիչներին փշրանքներ էին բաժին հասնում... Հետո եղավ անկախությունը, Մոսկվան իր անպետքացած ռուբլու էքսպանսիայով աղքատացրեց բոլոր հանրապետություններին, տեր կանգնեց նրանց ունեցվածքին, անգամ աղետի գոտու համար հատկացված գումարները յուրացրեց...
Մոսկվաներում Ռուսաստանը ծաղկեցնող հայրենակիցներս, հիշեք այս ամսին...