Ճիշտ բարևելը` հաջողության գրավական


04:22 , 21 սեպտեմբեր, 2013

Diplomat.am-ը գրում է.

Անհիշելի ժամանակներում ձեռքսեղմումը պետք է ցույց տար, որ մարդը ձեռքում պահած զենք չունի: Ձեռքսեղման արարողությունը մեզ վրա ավելի ուժեղ ազդեցություն ունի, քան մենք ենք կարծում: 
Բարևելիս երբ մարդիկ սեղմում են միմյանց ձեռքը, հնարավոր է` դա լինի նրանց առաջին և վերջին ֆիզիկական շփումը: Ձեռքսեղման ուժգնության չափից և տևողությունից է հաճախ կախված, թե ինչպես մեզ կընկալի այն անձնավորությունը, որին մենք ողջունում ենք: 
Դուք հավանաբար ունեցել եք ձեռքսեղման դեպքեր, որոնց մասին տհաճությամբ եք հիշում: Սակայն երբեք մի թերագնահատեք բարևելու նշանակությունը մարդկային հաղորդակցությունում: 
Այժմ մենք ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ձեռքսեղման մի քանի նմուշներ, որոնք ընդհանուր բնույթ են կրում և ընդունված են նաև Հայաստանում: 
Գործնական ձեռքսեղմում, որն ամենից շատ տարածված է պաշտոնական և գործնական հարաբերություններում: 
Թույլ, «սատկած ձուկ» ձեռքսեղմում, որը չի ողջունվում Արևմուտքի պաշտոնական և գործնական շրջանակներում: 

Դոմինանտ (գերիշխող) ժեստ, երբ ձախ ձեռքը փորձում է իշխել աջ ձեռքի վրա: 
Հաջորդ ձեռքսեղմումը պատկերում է բարձրաստիճան անձնավորության ողջույնը, որ
ի ընթացքում նա ցուցադրում է իր ուժը, իշխանությունը և գերակայությունը դիմացինի նկատմամբ: 
Առաջին դեպքում բարևելիս նա ձախ ձեռքը դրել է դիմացինի ուսին, երկրորդում` բռնել է արմունկը, երրորդում` աքցանի մեջ է առել նրա ձեռքերը: 
Այս տեսարանին կարելի էր ականատես լինել Խորհրդային Միության լիդերների արբանյակ երկրների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ: 
Արտասահմանյան ճանապարհորդությունների ժամանակ ոչ վերբալ հաղորդակցության ժեստերի և ազդանշանների շարքում առաջնային նշանակություն է ստանում ձեռքսեղմման արարողությունը: Աշխարհի շատ երկրներում տղամարդիկ բարևելիս դիմացինի ձեռքը չափից ավելի են պահում իրենց ափի մեջ, որը խորթ և անհասկանալի է Արևմտքի մշակույթի ներկայացուցիչների համար: Նման սովորույթը առանձնապես հատուկ է մուսուլմանական երկրների, ինչպես նաև Ասիայի, հատկապես` Վիետնամի և Լաոսի համար: 
Զանազան տիպերի ձեռքսեղմումներ են հանդիպում անգամ նույն մշակույթի տարբեր արեալներում: Ամերիկայի Յուտա նահանգի բնակիչների` աքցանի սեղմում հիշեցնող բարևելու ձևը զարմանք է պատճառում մյուս նահանգների ներկայացուցիչներին: 
Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Ավստրալիայում սովորաբար դիմացինի ձեռքը սեղմում են հանդիպելիս և բաժանվելիս: Ֆրանսիացիները բարևելու վրա ծախսում են ավելի երկար ժամանակ, քան անգլիացիները: Ամերիկացիները կարող են մինչև 7 անգամ եռանդագին թափահարել դիմացինի ձեռքը: Այդ իսկ պատճառով գերմանացու համար, որը, ինչպես և սկանդինավացին, խիստ զուսպ է ձեռքսեղմման մեջ, ամերիկացու ողջույնը անվադող փչելու նման մի բան է: 
Հետաքրքիր է ժամանակակից թագավորական ձեռքսեղման ձևը:
Նորին մեծություն Անգլիայի թագուհին երևի այնքան է հոգնել, որ ինքն է որոշում, թե քանի ակնթարթ պետք է ձեռքը թողնի դիմացինի ձեռքի մեջ, և աննկատ, բայց հաստատակամ հետ է հրում նրա ձեռքը: 
Իսկ Արաբական աշխարհում ողջունելիս ձեռքը սեղմում են իրենց կրծքին, հետո դիպչում են ճակատին: Հնդկաստանում և Նեպալում ձեռքերի ափերը միացրած բարձրացնում են մինչև դեմքը և թեթևակի խոնարհվում: Կոչվում է նամեստե: 
Ճապոնացիներն էլ են խոնարհվում` ձեռքերը ծնկներին դրած, և որքան ցածր է ողջունողի հիերարխիական աստիճանը, այնքան ցածր է նրա կռանալու չափը` բայց մինչև 30 աստիճան: Ասում են` բարևելիս ճապոնացին ստուգում է դիմացինի կոշիկների մաքրությունը: 
Ողջույնի մյուս ձևերը` գլխարկը հանելը, խոնարհվելը, ռևերանսը, ծնրադրելը, համարվում են ժամանակավրեպ և գրեթե դադարել են գործելուց քաղաքակիրթ աշխարհում: Ուժը չի կորցրել և գործածությունից դուրս չի եկել զինվորական ողջույնը` իր տարատեսակներով:

ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան