14:57 , 20 սեպտեմբեր, 2013
Երեկ Վալդայան ակումբի շրջանականերում` հարց-պատասխան ֆորմատում շփվում էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և այդ շփման արդյունքներով պարզ դարձավ, որ Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը՝ կապված հետխորհրդային մի քանի երկրների` ԵՄ-ի հետ ասոցացման նկկատմամբ, խիստ բացասական է: Պուտինն իրեն հատուկ կիսահեգնական տոնով հասկացնել տվեց, որ Ռուսաստանն ամեն ինչ անելու է, որպեսզի թույլ չտա, որպեսզի Ուկրաինան ու Մոլդովան նոյեմբերին ստորագրեն/նախաստորագրեն ասոցացման համաձայնագրերը, իսկ եթե այնուամենայնիվ դա արվի, ապա Ռուսաստանը կդիմի պատասխան քայլերի՝ «ռուսական շահերը պաշտպանելու համար»:
Ի՞նչ է սա ենթադրում: Ճիշտն ասած Հայաստանում այս հարցը անընդհատ փորձում է բարձրանալ արդեն մի քանի ամիս շարունակ, բայց արդյունքում այն մարում է զուգահեռ բարձրացող տեղեկատվական աղմուկից, որում ավելի շատ գերակայում են էմոցիոնալ, իսկ երբեմն էլ պոպուլիստական նոտաները և այդ աղմուկի ներքո չի ստացվում ֆիքսվել բուն խնդրո առարկայի վրա: Այսօր, երբ արդեն մի քանի շաբաթ է անցել Հայաստանի կողմից Մաքսային միությանը միանալու ցանկության մասին հայտարարությունից, արդեն կարելի է որոշակի հետևություններ անել այն մասին, թե ինչ էր սպասվում մեզ, եթե այդ որոշումը չկայացվեր: Դրա համար պարզապես պետք է նայել, թե ինչ է կատարվում Մոլդովա-Ուկրաինա-Ռուսաստան-ԵՄ առանցքում: Այս առումով, առավել ուշագրավ են Ռուսաստանի ձեռնարկած քայլերն ու այդ երկրների նկատմամբ, ինչպես նաև ԵՄ-ի ձեռնարկած հակաքայլերը:
Առաջին լուրջ քայլերը, որոնք ձեռնարկեց Ռուսաստանը, դա Ուկրաինայի ու Մոլդովայի արտահանման հիմնական մասը կազմող ապրանքների ներկրման վրա արգելք սահմանելն էր: Ուկրաինայի դեպքում խոսքը գնում էր հրուշակեղենի և մի շարք այլ ապրանքների մասին, իսկ Մոլդովայի դեպքում՝ գինիների ու գյուղատնտեսական ապրանքների մասին: Սա արդեն իսկ ենթադրում է միլլիարդավոր դոլարների վնասներ այդ երկրների համար՝ տարվա կտրվածքով, սակայն Ռուսաստանն այսքանով չսահամանափակվեց և ևս մեկ ցավագին հարված հասցրեց, որն այսօր խփել է հատկապես մոլդովացիներին. վերջին մի քանի շաբաթների ընթացքում, Ռուսաստանից զանգվածային մասշտաբներով արտաքսում են հազարավոր մոլդովացի աշխատանքային միգրանտների: Արտաքսում են նրանց, ովքեր չունեն ՌԴ քաղաքացիություն, անգամ եթե նրանք ունեն աշխատանքային գործունեություն ծավալելու իրավունք: Որպես պատրվակ կարող է ծառայել այնպիսի մի մանրունք, որի վրա դեռ մի քանի ամիս առաջ ոչ ոք ուշադրություն էլ չէր դարձնի (օրինակ, մի քանի օր ուշացրած 100-200 ռուբլի կազմող տուգանք):
Ավելին, աշխատանքային միգրանտների գլխին նոր դամոկլեսյան սուր է կախվել, որովհետև հայատարարվել է, որ Ռուսաստանի իշխանությունները պլանավորում են տարբեր շինարարական հրապարակներում աշխատող 250 հազար օտարերկրյա բանվորներին փոխարինել սեփական քաղաքացիներով: Սա մի թիվ է, որը կարելի է հանգիստ լրացնել հազարավոր մոլդովացի ու ուկրաինացի բանվորների հաշվին, իսկ նրանց փոխարինել օրինակ հյուսիսային կովկասցիներով, որոնք հանդիսանում են ՌԴ քաղաքացիներ: Ավելին, Ռուսաստանը պլանավորում է էլ ավելի հեռուն գնալ և ինչպես Ուկրաինայում, այնպես էլ Մոլդովայում, իր լծակներով ազդում է ներքաղաքական իրավիճակի վրա, ինչպես նաև Պուտինի մակարդակով բացահայտ սպառնում, որ հարկ եղած դեպքում ավելի խիստ ու ցավագին սահմանափակումներ կկիրառվեն այս երկու երկրների դեմ, եթե նրանք չլսեն Ռուսաստանի «հորդորները»:
Ի՞նչ է արվում որպես հակակշիռ՝ Մոլդովայի ու Ուկրաինային իշխանությունների և ԵՄ-ի կողմից: Մեծ հաշվով ոչինչ: Մոլդովայում ու Ուկրաինայում փորձում են յուղ լցնել կրակի վրա՝ ազգայանականական ու հակառաուսական հռետորիկայի դիմելով, բայց ոչ մի լուրջ տնտեսական հակազդեցություն ցույց չեն տալիս, իսկ եվրոպացիները կարծես թե զգուշանում են որոշիչ քայլերից:
Հատկանշական է հատկապես Ուկրաինայի օրինակը. արդեն իսկ հաշվարկված է, որ եթե Ռուսաստանը փակի իր սահմանը ուկրաինական ապրանքների համար, ինչպես նաև բարձրացնի գազի գինը, ապա Ուկրաինայի վնասները կկազմեն առնվազն 10 միլլիարդ դոլար՝ ամեն տարի: Փոխարենը, հայտնի է, որ Shell ընկերությունը պատրաստվում է մոտ 10 միլլիարդ դոլար ներդնել Ուկրաինայի արևելքում սլանցային ու բնական գազի արդյունահանման պրոյեկտի մեջ, ինչի արդյունքում պլանավորվում է, որ 4-5 տարի հետո Shell-ը կկարողանա ռուսական գնից 4 անգամ ավելի էժան գնով գազ վաճառել ուկրաինացիներին, բայց դա 4-5 տարուց, երբ Ուկրաինայի կրած վնասները կկազմեն արդեն մոտ 40-50 միլլիարդ դոլար... Ակնհայտ է, որ գոնե այս պահի դրությամբ եվրոպական խրախուսիչ քայլերը բացարձակապես բավարար չեն Ռուսաստանի պատժիչ քայլերը կոմպենսացնելու համար:
Մոլդովայի պարագայում իրավիճակն էլ ավելի ծանր է, որովհետև այնտեղ առանց այն էլ պետությունը խիստ ապակենտրոնացված է, իսկ ԵՄ-ՄՄ դիլեման բերել է անջատողական տրամադրությունների էլ ավելի սրացման՝ հատկապես Գագաուզիայի ինքնավար հանրապետությունում, որն արդեն իսկ սեփական պատվիրակությունն է ուղղարկել Մոսկվա, որպեսզի համոզեն Օնիշչենկոյին՝ թույլ տալու Գագաուզիայի եկամտի հիմնական աղբյուր հանդիսացող գինու ներկրումը Ռուսական շուկա: Ավելին, նույն Գագաուզիան դեռ ամիսներ առաջ հայտարարեց, որ Գագաուզիայի ինքնավար հանրապետությունը կողմ է Մաքսային միությանը Մոլդովայի անդամակցությանը:
Ի դեպ, նման դինամիկա նկատվում է նաև Ուկրաինայում, որտեղ առնաց այն էլ խնդրահարույց Ղրիմի ինքնավար հանրապետությունը, ինչպես նաև ռուսախոս Արևելյան Ուկրաինան, որոնք ի սկզբան էլ դեմ են եղել ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման հաշվին ԵՄ-ի հետ մերձացման քաղաքականությանը (այս տրամադրությունների ալիքի գլխին էլ Յանուկովիչը դարձավ նախագահ), հիմա առավել ևս դեմ են Ռուսաստանի հետ հարաբերությունների ճգնաժամի հետագա խորացմանը:
Այսքանով հանդերձ, կարելի է հասկանալ, որ Ռուսաստանի ագրեսիվ ու չոր արտաքին քաղաքականության կիզակետում հեշտությամբ էր հայտնվել նաև Հայաստանի Հանրապետությունը և մեր «ռազմավարական դաշնակիցը» չէր վարանի 250 հազարի փոխարեն, ասենք թե 500 հազար աշխատանքային միգրանտ իրենց երկրներ ուղղարկել, կամ հայկական կոնյակի մեջ ինչ որ քիմիական նյութեր հայտնաբերել, իսկ մեր «քաղաքակիրթ արևմտյան գործընկերնները» Ուկրաինայի օրինակով մեզ էլ մի 500 միլլիոն դրամի դրամաշնոր կտային կամ ներդրում կանեին, կոսմետիկ վերանորոգում կանեին՝ գեղեցիկ ներկելով առանց այն էլ խախուլ վիճակում գտնվող մեր տնտեսության ճաքած պատերը և կքաշվեին մի կողմ: Այս համատեքստում կարելի է ասել, որ մենք առնվազն ընտրել ենք չարյաց փոքրագույնը, ինչը ամբողջությմաբ տեղավորվում «ռեալ պոլիտիքսի» տրամաբանության մեջ: