13:54 , 20 սեպտեմբեր, 2013Աշխարհի ամենագեղետեսիլ ճանապարհորդական վայրերի մասին բազում հոդվածներ են գրվել, սակայն այս հոդվածում ներկայացված են վայրեր, ուր հազիվ թե որևէ մեկը ցանկանա ուղևորվել: Ընտանեկան արձակուրդ կամ միջերկրական ուղևորություն պլանավորելիս խորհուրդ կտայի խուսափել այս վայրերից: Դրանցից շատերում առկա է աղտոտման լուրջ խնդիր, մի մասն էլ ծայրաստիճան վտանգավոր են: Ցավալի է, որ բազում մարդիկ մատնված են ահավոր սանիտարական պայմանների:
10. Բաբլի Քրիք, Չիկագո, Իլինոյս

Բաբլի Քրիքը (թարգմանաբար` փրփրաբաշ գետնախորշ) Չիկագոյի գետի մի մասի մականունն է: Բաբլի Քրիքի շրջակա տարածքը ի սկզբանե ճահճուտ է եղել, սակայն 19-րդ դարում ջրանցքները ցամաքել են, և Սաութ Ֆորկը դարձել է բաց կոյուղագիծ տեղական գոմերի համար: Այդ ժամանակաշրջանում գոմերից Բաբլի Քրիք էին նետում մեծ քանակությամբ աղբ, այդ թվում արյուն և փորոտիք: Գետնախորշում այնքան շատ արյուն և անասունների մնացորդներ էին հավաքվել, որ այնտեղի ջուրը սկսեց փրփրել մեթանից (ճահճագազ) և ջրածնային սուլֆիդի գազից: Ահա թե որտեղից է գալիս Բաբլի Քրիք (փրփրաբաշ գետնախորշ) անվանումը: 1906 թ.-ին այս տեղանքն ու նրա պատմությունը հիշատկվեց Էփթոն Սինքլերի «Ջունգլին» վեպում, որում քննադատվում էր Ամերիկայի` մսի առևտրով զբաղվող արդյունաբերությունը:
Ներկա վիճակը
1990-ականներին գետնախորշում բնակվող միակ կենդանի արարածները անձրևաորդերն էին: Այս ճիճուները սնվում են գետի հատակի փտող արյան զանգվածով: Թթվածնի սպառման հետևանքով Բաբլի Քրիքը դարձել է շատ վտանգավոր: Գետնախորշը շատ թունավոր է, և շրջակա տարածքից գարշահոտություն է փչում: Վերջին տասնամյակներին բուսականությունը ինչ-որ չափով վերականգնվել է: Գետնախորշը թթվածնով հարուստացնելու համար ջրի մեջ թթվածին ներարկելու ծրագիրը առանձնապես մեծ արդյունքների չի հանգեցրել: Խորհուրդ չի տրվում Բաբլի Քրիքի տղմոտ մակերեսով լողալ: Չիկագոյի շատ տեղացիներ առհասարակ աշխատում են հեռու մնալ գետնախորշից:
9. Սենթրելիա, Փենսիլվանիա. Կոլումբիա շրջան

Փենսիլվանիայի Սենթրելիա քաղաքը կառուցվել է հանքարդյունաբերական տարածքի մոտակայքում: Անցյալում այս վայրով անցնում էր երկու առանձին երկաթուղի: Բոլոր երկաթուղային ծառայությունները դադարեցին 1966 թ.-ին, երբ հանքարդյունաբերությունը դադարեցվեց այս վայրում: Սենթրելիայում մի ժամանակ տեղակայված էին 7 եկեղեցի, 5 հյուրանոց, 27 դահլիճ, 2 թատրոն, 1 բանկ և 14 խանութ: 1962 թ.-ին Սենթելիայից ներքև գտնվող մեծ հանքավայրերից մեկում հրդեհ բռնկվեց: Հրդեհն արագորեն տարածվեց հանքարդյունաբերական ողջ համակարգով, ինչի հետևանքով քաղաքն այլևս չէր կարող բնակելի լինել: Պարզ չէ, թե ինչպես հրդեհը սկսեց, սակայն ըստ մի տեսության` պատահարը տեղի է ունեցել 1962 թ.-ի մայիսին, երբ Սենթրալիայի քաղաքային խորհուրդը հինգ մարդ վարձեց քաղաքի աղբավայրը մաքրելու համար: Այս մարդիկ ճիշտ ձևով չէին հանգցրել կրակը, և այն տարածվել էր Սենթրելիայից ներքև գտնվող ածխի հանքերով մեկ: 1960-ականներին և 1970-ականներին մի շարք բնակիչներ հիվանդանոց տեղափոխվեցին ածխածնի օքսիդի թունավորումից:
Ներկա վիճակը
1981 թ.-ին քաղաքում 1000 հոգանոց բնակչություն կար, 2005 թ.-ին`12, իսկ 2007 թ.-ին` 9: Սենթրելիան Փենսիլվանիայի ամենքիչ բնակեցված շրջանն է: 1984 թ.-ին ԱՄՆ Կոնգրեսը ավելի քան 42 մլն. Դոլար հատկացրեց բնակիչների տեղափոխման ծախսերը հոգալու համար: Բնակիչների մեծ մասը տեղափոխվեցին Սենթրելիայից: 1992 թ.-ին քաղաքի ողջ տարածքը դարձավ կառավարության սեփականաությունը: Սենթրելիայում շատ քիչ տներ են կանգուն մնացել, լքված շինությունների մեծ մասը փլուզվել են մարդկանց գործողությունների և բնական աղետների հետևանքով: Գյուղաքաղաքով մեկ սփռված են ցուցանշաններ, որոնք նախազգուշացնում են սողանքների մասին: Այստեղի օդն այնքան թունավոր է, որ քաղաքի տարբեր մասերից ծուխ է նշմարվում: Ընդհատակյա կրակը դեռևս վառվում է և ըստ կանխատեսումների մոտակա 250 տարիներին չի մարի: Սենթրալիայից ներշնչված` 1991 թ.-ին ստեղծվել է «Վտանգ և ուրիշ ոչինչ» կինոնկարը, որի սցենարը գրվել է Դեն Այքռոյդի կողմից:
8. Հենֆորդի համալիր

Հենֆորդը փոքր գյուղատնտեսական համայնք է Վաշինգտոնի Բենտոնի շրջանում: 1943 թ.-ին քաղաքն էվակուացվեց, որպեսզի տեղ ազատվի միջուկային զենքերի արտադրման համալիրի համար` հայտնի Հենֆորդի համալիր անունով: Հենֆորդի համալիրը միջուկային զենքերի արտադրության ամենամեծ կենտրոններից էր Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: Այստեղ արտադրվել է պլուտոնիումի լայնամաշտաբ արտադրության առաջին ռեակտորը: Սառը պատերազմի ժամանակաշրջանում Հենֆորդի համալիրում ինը միջուկային ռեակտորներ կային և պլուտոնիումի արտադրման ու մշակման հինգ խոշոր համալիրներ: Այս արտադրամասերում ատադրվում էին պլուտոնիում ԱՄՆ-ի զինանոցի 60,000 միջուկային զենքերի մեծ մասի համար: 1980-ականներին ԱՄՆ կառավարությունը հրապարակեց փաստաթղթեր, որոնցով հաստատվում էր, որ Հենֆորդում տեղի ունեցող գործողությունների արդյուքնում մթնոլորտ, ինչպես նաև Կոլումբիա գետ էին արտանետվում մեծ քանակությամբ ռադիոկաըտիվ նյութեր: Այս աղտոտումը վտանգի տակ է դրել բնակիչների առողջությունը և էկոհամակարգը:
Ներկա վիճակը
Հենֆորդի համալիրի զենքերի արտադրության ռեակտորները շահագործումից հանվեցին Սառը պատերազմի ավարտին, սակայն արտադրման պրոցեսի արդյունքում այնտեղ մնացել են 204,000 մ³ բարձր կոնցենտրացիայի ռադիոակտիվ թափոններ, որ կազմում են ամբողջ ԱՄՆ-ի բարձր կոնցենտրացիայի ռադիոակտիվ թափոնների երկու-երրորդը: Հենֆորդի համալիրը 1,518 կմ2 տարածք է զբաղեցնում: Այս տեղանքին սահմանակից է 230,000 բնակչություն ունեցող Թրիսիթիզը: Վաշինգտոնի այս հատվածում ամռանը շոգ է լինում, և հավելյալ հակահրդեհային մեքենաներ են կայանում շրջակայքում, որպեսզի հնարավոր լինի ժամմանակին կասեցնել հրդեհների տարածումը: 1970-1980-ականներին Հենֆորդի համալիրում թափոնների ավելի քան 70,000 կոնտեյներ է պահվել:
7. Դերժինսկ, Նիժնի Նովգորոդ, Ռուսաստան

Դերժինսկը Ռուսաստանի քաղաքներից է, որը գտնվում է Մոսկվայից 400 կմ. դեպի արևելք: Քաղաքը հիմնվել է 1920 թ.-ին և կրել է Ռաստիապինո անվանումը մինչև 1929 թ.-ն: 1930 թ.-ին քաղաքը վերանվանվեց բոլշևիկյան առաջնորդ Ֆելիքս Դերժինսկու պատվին, ով 1917-1926 ակտիվ գործունեություն էր ծավալում: Նա Չեկայի գաղտնի ոստիկանության առաջին պետն էր: Շատերը զարմանում են, որ քաղաքը չի վերանվանվել Խորհրդային Միության 1991 թ.-ի փլուզումից հետո: Չեկայի գաղտնի ոստիկանությունը ավելի հայտնի KGB-ի նախատիպն էր: 1941 թ.-ից սկսած մինչև Սառը պատերազմի ավարտը Դերժինսկում գործում էին քիմիական զենքերի արտադրամասեր: Դերժինսկում արտադրվում էին թունավոր քիմիկատներ, ինչպիսին են օրինակ` լյուիզիտը, կապտաթթուն, ֆոսգենը: Դերժինսկում արտադրվում էին նաև մկնդեղի հիմքի վրա պատրաստված զենքեր: 1965 թ.-ին քիմիական զենքերի արտադրությունը այս վայրում դադարեցվեց: Այդ ժամանակ թունանյութերի մի մասը տեղափոխվեց` տարբեր տեղերում պահվելու համար, սակայն մկնդեղի բարձր կոնցենտրացիայի պատճառով այս նյութերի մեծ մասը ստիպված էին թաղել: Վերջին տասնամյակներին Ռուսաստանի կառավարությունը փորձում է վերացնել վտանգավոր քիմիական արտադրամասերը:
Ներկա վիճակը
Դերժինսկում բնակվում է մոտ 250,000 քաղաքացի: Այս վայրը Ռուսաստանի Դաշնության` քիմիական նյութերի արտադրության գլխավոր կենտրոններից մեկն է, որտեղ արտադրվում են սինթետիկ ամոնիակ, պարարտանյութեր և այլ թունաքիմիկատներ: 2008 թ.-ից Դերժինսկում գործում են 38 մեծ արդյունաբերական ընկերություններ, որոնք աշխարհի տարբեր երկրներ են արտահանում իրենց արտադրանքը: Այս վայրում արտադրվում են շուրջ 1000 տեսակի քիմիական նյութեր: Ըստ 2007 թ.-ի տվյալների` Դերժինսկը աշխարհի ամենաաղտոտված երկրներից է և անգամ Չեռնոբիլից ավելի վտանգավոր է: Այս վայրի ջրային պաշարները աղտոտված են տարբերբ թունավոր նյութերով, և ֆենոլի մակարդակը գերազանցում է թույլատրելի սահմանը 17 մլն. անգամ: 2007 թ.-ին մի ՀԿ-ի կողմից իրականացված հետազոտությունը ցույց է տալիս, որ 2006 թ.-ին կանանց կյանքի միջին տևողությունը կազմել է 47 տարի, իսկ տղամարդկանցը` 42: Այնուամենայնիվ, Դերժինսկի քաղաքային իշխանությունները պնդում են, որ այս ՀԿ-ի հրապարակած տվյալները կեղծ են: Առողջապահության նախարարության 2006 թ.-ի զեկույցում նշվում է, որ Դերժինսկում բնակվողների կյանքի միջին տևողությունը 64 տարի է: Դերժինսկի բնապահպանական գործակալությունը հաշվարկել է, որ 1930-1998 թթ. շուրջ 300,000 տոննա քիմիական նյութերի թափոններ են արտանետվել այս քաղաքում: Մինչև վերջերս այս վայրում զբոսաշրջային այցելություններն արգելված էին:
6.Դհարավի, Մումբայ, Հնդկաստան

Դհարհավին Հնդկաստանի քաղաքներից է, որը զբաղեցնում է 175 հեկտար տարածություն: Մումբայում ապրուստը թանկ է տեղի բնակիչների համար, իսկ Դհարավին հանդիսանում է մատչելի, բայցև ապօրինի այլընտրանք: Այստեղ որոշ բնակարանների ամսեկան վարձը կազմում է ընդամենը 4 ԱՄՆ դոլար: Դհարավին տեղակայված է Միթի գետի հարևանությամբ: Այս վայրում դրենաժավորման համակարգը շատ վատ է աշխատում, ինչի հետևանքով հաճախ հեղեղներ են առաջանում:
Ներկա վիճակը
Դհարավիի բնակչությունը գերազանցում է 1 միլիոնը: Այստեղ զարգանում է բրուտագործությունը և տեքստիլի արդյունաբերությունը: Այս վայրում կա նաև աղբի վերամշակման մի մեծ ընկերություն: Այնուամենայնիվ, Դհարհավիում աշխատավարձերը և կենսամակարդակը ցածր են, և մարդկանց առողջական վիճակը մեծապես վտանգված է: Այս վայրում սանհանգույցները սակավաթիվ են: 2006 թ.-ին անցկացված հետազոտությույնը ցույց է տվել, որ Դհարհավիի 1,440 բնակչին հասնում է մեկ սանհանգույց: Տեղաբնակները հաճախ միզում են Մահիմ Քրիքի մեջ, ինչի հետևանքով մի շարք վարակիչ հիվանդություններ են տարածվում: Այս վայրում նաև ջրի մատակարաման հետ կապված խնդիրներ կան: Դհարավիից գարշահոտություն է փչում, և այստեղ բազում բաց կոյուղիներ կան: Կառավարությունը ծրագիր է մշակել, որով նախատեսվում է Դհարավին վերածել ինքնավար քաղաքային համայնքի:
Շարունակելի...