Հանձնաժողովի ստեղծումը գաղտնիք չէր պարունակում


12:09 , 20 սեպտեմբեր, 2013

Երեկ տեղեկություն տարածվեց, որ «դեռևս 2012 թ. դեկտեմբերին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի 1204-Ա որոշմամբ ստեղծվել է աշխատանքային հատուկ մի խումբ, որը բանակցել է Մաքսային միությանը (ՄՄ) ՀՀ անդամակցության վերաբերյալ»:

Այս հայտարարությունը քաղաքական-լրատվական դաշտում ոչ միանշանակ արձագանք ունեցավ, որի հիմնական պատճառ նշվում էր իշխանության կողմից այս տեղեկատվության «գաղտնի» պահելու հանգամանքը: Ավելին՝ նշվում է, որ սա ևս մեկ հարված էր ԵՄ-ին, քանզի նրանց հետ բանակցություններին զուգահեռ, իշխանությունը «գաղտնի» բանակցել է նաև Ռուսաստանի հետ:
Կան մի շարք հարցեր, այդ թվում՝ իշխանության կողմից իրականացվող ինտեգրացիոն գործընթացների մասով, որոնք կարելի է քննարկման դաշտ տանել՝ վերլուծելու այս կամ այն քայլի հետևանքները՝ գնահատելու դրանց արդյունավետությունը, սակայն կառավարության երեկվա հայտարարությունը առանձնապես քննարկման առիթ չի տալիս հենց միայն այն պատճառով, որ այդ մասին հայտարարվել էր դեռ 2012 թվականին: Ընդ որում՝ այդ մասին անձամբ հայտարարել էր ՀՀ Նախագահը:

2012 թվականի դեկտմբերի 21-ին, Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակներում ՀՀ Նախագահը հարցազրույց էր տվել «Ռոսիա 24» հեռուստաընկերությանը, որում անդրադարձ էր կատարել նաև հետխորհրդային տարածքում ընթացող ինտեգրացիոն գործընթացներին՝ հայտարարելով, որ մեր երկիրը հետաքրքրված է այդ պրոցեսներով:
Ավելին, հարցազրույցում Նախագահը նշել էր, որ դեռևս 2012 թվականի օգոստոսին, ՌԴ նախագահի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ հարցի ուսումնասիրման համար աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ:
«Իհարկե, մեզ ասում են, որ այստեղ առանձնահատկություն կա, որ մենք ընդհանուր սահման չունենք, որ Առևտրի համաշխարհային կազմակերպություն մտնելու զանազան պայմանները նույնպես խոչընդոտ են հանդիսանում, բայց մենք վստահ ենք, որ այստեղ պարզապես անհրաժեշտ է փորձագիտական գնահատական, անհրաժեշտ է փորձաքննություն, որը պետք է անցկացնել»,- նշել էր Ս. Սարգսյանն ու տեղեկացրել, որ այդ խնդիրների շուրջ ներկայումս աշխատում են թե’ Ռուսաստանի, թե’ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ: Նա նաև տեղեկացրել էր, որ համատեղ աշխատանքային խումբն ընդամենը վերջերս է նիստ գումարել:

Իսկ սա նշանակում է, որ ոչ միայն այդ հանձնաժողովի ստեղծումը գաղտնիք չի եղել, այլ առհասարակ, ԵՄ համապատասխան պաշտոնյաները դրա մասին իմացել են ավելի վաղ: Ավելին՝ այս հարցազրույցում Ս. Սարգսյանը ոչ միայն խոսում է հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն պրոցեսների առնչությամբ մեր երկրի ունեցած ընդգծված հետաքրքրության մասին, այլև դրանում ներգրավվելու համար արված քայլերի մասին:

Ստեղծված իրավիճակում խնդրահարույցն այն է, որ որոշ քաղաքական շրջանակներ ցանկանում են այս կամ այլ «խայծերով» հասարակության ուշադրությունը շեղել բուն խնդրից՝ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու որոշումից ու դրանից բխող հետևանքներից, հիմնական քննարկումը՝ փորձելով տեղափոխել առավել նեղ՝ դետալային դաշտ:
Միաժամանակ պետք է փաստել, որ ցավոք, այսօր հիմնական քննարկումներն ընթանում են ոչ թե Մաքսային միությանը միանալու ու Եվրոպայի հետ համագործակցության նոր «ֆրոնտի բացման», այլ երկրորդական՝ գործընթացի վրա էական ազդեցություն չունեցող հարցերի շուրջ: