Շենավանի գյուղապետը յուրացրել է անապահով ընտանիքին հատկացված սոցօգնության գումարները


11:39 , 20 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Հրաչիկ Սարգսյանի նախագահությամբ սկսվում է Արթուր Մկրտչյանի գործի դատավարությունը:

33-ամյա Արթուր Մկրտչյանը Արմավիրի մարզի Շենավան համայնքի ղեկավարն էր: 

Ըստ մեղադրանքի՝ 2012 թվականի նոյեմբերի 28-ին Շենավան համայնքի ավագանու որոշմամբ նույն համայնքի բնակիչներ Արթուր և Վարազդատ Եղիազարյաններին, որպես անապահով ընտանիքի, համայնքի կողմից հատկացվել է 500 հազար դրամ: 

Սոցիալական օգնության այդ գումարից Արթուր Մկրտչյանը Արթուրի ու Վարազդատի հայրիկին անձամբ տվել է 300 հազար դրամ, իսկ մնացած 200 հազար դրամով պարտավորվել է կատարել հողի հարկի դիմաց այդ ընտանիքի ունեցած պարտքի մարումը: 

Սակայն համայնքի ղեկավարը անապահով ընտանիքին չտված այդ 200 հազար դրամ գումարը գյուղապետարանի դրամարկղ չի մուտքագրել և, պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացրել է:

Արթուր Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին: