09:47 , 20 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Չեչնիայի Հանրապետության գրոհայինները Սիրիայի հյուսիսում մի ողջ ստորաբաժանում են ձևավորել: Իսլամիստների խոսքով՝ ջոկատում կա մոտ 1000 մարդ: Այն տեղակայված է հատուկ մարտական ճամբարում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Al-Quds Al-Arabi պարբերականին:
Հալեպ քաղաքում ստեղծվել է ջոկատ, որում ներառվել են գրոհայիններ Չեչնիայից և Կովկասի այլ տարածաշրջաններից: Նոր ստորաբաժանումը ստացել է «Ալ-Մուհաջիրին» (էմիգրանտներ) անվանումը:
Ստորաբաժանումը գլխավորում է չեչեն Աբու Աբդուրահմանը, իսկ զինվորների մեծ մասը Կովկասում մարտական գործողությունների փորձ ունեն: Հալեպում նրանց համար ստեղծվել է հատուկ ճամբար, որտեղ գրոհայինները ռազմական նախապատրաստություն են անցնում՝ մինչ սիրիական բանակի հետ պատերազմի ճակատ գնալը:
Հունիսին Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը հայտնել էր սիրիական հակամարտությունում ՌԴ-ից 200 գրոհայինի ներգրավվածության մասին: Նա ընդգծել էր, որ նրանք կռվում են «Ալ-Քաիդայի» դրոշի ներքո:
Չեչենների թիվը Սիրիայում մեկ տարում զրոյից հասել է 1000-ի: Մեկ տարի առաջ Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը հերքել է Սիրիայի տարածքում չեչենների գտնվելու փաստը, իսկ մայիսին արդեն հայտնել, որ սիրիական հակամարտությունում ներգրավվածների շարքում կան նաև Չեչնիայի բնակիչներ: