21:40 , 19 սեպտեմբեր, 2013
Մեր հասարակության անցումային վիճակն արդեն դարձել է համակարգային դիսֆունկցիա, այն որևէ կերպ ոչ զարգանում է, ոչ էլ հետընթաց արձանագրում: Մշտական անցումային ստաբիլ վիճակն ավելի վատ է, քան դրա անկումային զարգացումը: Զարգացմանը միտված ցանկացած դրսևորում առաջընթաց չի ապահովում, քանի որ այն հանդիպում է անառողջ հակազդեցության: Պարբերաբար կարելի է լսել, թե ներկայիս սոցիալական շարժերն ուղղորդվում են իշխանության կողմից, որպեսզի հասարակական ուշադրությունը շեղեն համընդհանուր խնդիրներց: Իբրև թե, բունտերն ուղղված են սոցիալական պահանջմունքային բավարարման իմիտացիա ստեղծելուն, որը գտնվում է իշխանության անմիջական հսկողության ներքո: Կարծիքը գոյություն ունենալու իրավունք ունի, բայց անառողջ կարծիքը պետք է վաղուց արդեն թաղված լիներ: Այն, որ հասարակական մասնակցությունն առանց քաղաքական որևէ ուժի ուղղորդման երկարաժամկետ առումով խորքային էֆեկտ չի ունենում, կարծես, անվիճելի է, բայց այն, որ ներկա պահին հասարակությունն իներտ է քաղաքական ուժերի նկատմամբ և առկա է վստահության դեֆիցիտ, նույնպես ակնառու է: Սա սոցիալ-քաղաքական այն պատճառն է, որն առաջ է բերում քաղաքացիական նախաձեռնողականություն: Այստեղ անհնար ոչինչ չկա:
Այս իրավիճակում իշխանությանը դժվար թե ձեռնտու լինի հասարակությանը պարբերաբար դժգոհության թեմաներ տալը, նրա մասնակցային վարքն անընդհատ մարզական վիճակում պահելը, որովհետև այդ պարագայում միշտ էլ կարող է հայտնվել որևէ ընդդիմադիր ուժ, որը կփորձի մոբիլիզացնել, կոնսերվացնել մասնակցային ֆրագմենտացիան և տեղափոխել այն հեղաշրջման հուն: Սա շատ ավելի հեշտ իրագործելի է, քան դժգոհություններ արթնացնելը, ապա մասնակցային վարք ձևավորելը և այլն: Հայտնի է, որ սոցիալական բունտը երբեք չի բավարարվում բունտի իրողությամբ, այն իր բնույթով ավելի պահանջմունքային է, եթե չի ստանում իր ռեալիզացիան, ապա ավելի են խորանում դժգոհությունները, իսկ բումերանգը գրեթե չի ուշանում:
Մեկ այլ կարևոր հանգամանք ևս. եթե իշխանությունն ընտրել է թիրախավորված բունտի որոշակի օբյեկտներ, որպեսզի մեղմի դժգոհությունների արտահայտման թափը, ապա գոնե պետք է ընտրված թիրախների մասով ապահովեր նաև այդ դժգոհությունների՝ թեկուզ դույզն-ինչ բավարարումը, այլապես դրանք կարող են խորանցնել դիսկոմֆորտի զգացողությունը և մղել ավելի մեծ և առավել կտրուկ քայլերի: Ուրեմն կամ այդ խոսակցություններն են անհիմն կամ իշխանությունն է հիմար: Կասկածամտությունը, վախը ամեն ինչի ու բոլորի մեջ իշխանությունների ուրվականը փնտրելը կամ տեսնելը, ավելի են խորացնում առանց այն էլ ահռելի խնդիրները: Պետք չէ հիվանդացնել հասարակությանը նման ախտածին մտքերով և գամել անկողնուն: Իսկ ծրագրված ու պատվիրված կվազիբունտեր, ցավոք, առկա են. փակ շուկայի ձևախեղման օգտին հորինված ֆինանսական «բունտը» վառ օրինակ: