Լա Մանշի նեղուցով անցնող թունելը՝ 20-րդ դարի խոշորագույն շիննախագիծ (լուսանկար)


19:49 , 19 սեպտեմբեր, 2013

Lurer.com-ը գրում է.

Լա Մանշ նեղուցի տակով անցնող երկաթուղային թունելը ստացել է անցած հարյուրամյակի խոշորագույն շինարարական նախագիծ մրցանակը: Ճարտարագետների միջազգային ֆեդերացիայի խորհրդի որոշման մասին պատմել է Eurotunnel ընկերությունը. գրում է korrespondent.net-ը:

«Ամբողջ աշխարհի ճարտարագետներից կազմված ժյուրին միաձայն ընտրել է աշխարհի ամենաերկար ստորջրյա թունելը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ մրցույթում մասնակցում էին հինգ մայրցամաքների ավելի քան 150 նախագծեր և նույնքան ընկերություններ, որոնք ստեղծել են XX-րդ դարի ամենանշանավոր կառույցները:

1994թ. մայիսի 6-ին Անգլիայի թագուհի Ելիզավետա երկրորդը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Միտերանը հանդիսավորությամբ բացեցին Լա Մանշ նեղուցի տակով անցնող երկաթուղային թունելը:

50,5 կմ երկարությամբ թունելի 38 կմ-ը անցնում է անմիջապես ծովի հատակով: 750 մետր երկարության երկաթուղային շարժակազմերը թունելով սլանում են 25 րոպեն մեկ, 130 կմ/ժամ արագությամբ: Կառուցվել էր 7 տարում:

Առաջին անգամ Անգլիան Եվրոպային միացնելու գաղափարը ծագել է 19-րդ դարի սկզբներին, երբ ֆրանսիացի ինժեներ Ա. Մատեն ներկայացրեց ստորջրյա թունելի նախագիծը: Երկար տարիներ գիտնականները մշակում էին Լա-Մանշ նեղուցի հաղթահարման ձևերը, առաջ քաշելով ավելի ֆանտաստիկ նախագծեր: Սակայն գործնական արդյունքին սպասեցին 100 տարի: